ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում Դանիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի դեսպաններին
POLITICSՀՀ Վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը նոյեմբերի 5-ին ընդունել է ՀՀ-ում Դանիայի դեսպան Ռուբեն Մեդսենին (նստավայրը՝ Կիև), Շվեդիայի դեսպան Ուլրիկ Տիդեստրոմին (նստավայրը՝ Թբիլիսի) և Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակոնենին (նստավայրը՝ Հելսինկի)։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, այդ թվում՝ ներդրումների խրախուսման հնարավորությունները, հատկապես՝ ուշադրություն դարձնելով շրջակա միջավայրի պաշտպանությանը, աղբահանության կառավարմանը, Էներգիայի այլընտրանքային աղբյուրներին և էներգաարդյունավետությանը վերաբերող ծրագրերին։ Արսեն Գասպարյանն առաջարկել է խրախուսել դանիական, շվեդական և ֆիննական ընկերություններին ներգրավվել վերոնշյալ ոլորտներում իրականացվող ծրագրերում։ Կողմերը քննարկել են Հյուսիսային էկոլոգիական ֆինանսական կորպորացիայի (Nordic Environment Finance Corporation) և Հայաստանի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները:
Արսեն Գասպարյանն առանձնացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը՝ որպես արագ զարգացող ոլորտ, որը կարող է համագործակցության լավ հարթակ հանդիսանալ։ Այս համատեքստում Ֆինլանդիայի դեսպան Արյա Մակոնենը հայտնել է դեկտեմբերի 4-5-ըՀելսինկիում կայանալիք ՏՏ ոլորտի ստարթափների միջազգային համաժողովի մասին՝ առաջարկելով խրախուսել հայկական ընկերություններին մասնակցել այդ համաժողովին։
Քննարկվել է գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունը՝ հատկապես ուշադրություն դարձնելով դանիական փորձին։ Քննարկվել են նաև զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին։ Նշվել է, որ ժողովրդավարության հաղթանակն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունները ճանապարհ են հարթում տնտեսական նոր հնարավորությունների համար։
Հաշվի առնելով հյուսիսային եվրոպական երկրների՝ հատկապես Շվեդիայի և Ֆինլանդիայի հարուստ ավանդույթները տափօղակով հոկեյի բնագավառում՝ Արսեն Գասպարյանը խրախուսել է նպաստել Հայաստանում մանկապատանեկան հոկեյի զարգացմանը՝ անվանի հոկեյիստների ու մարզիչների կողմից Հայաստանում վարպետության դասերի, ինչպես նաև համագործակցության այլ ծրագրերի միջոցով։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին, սիրիական ճգնաժամին և Սիրիայում Հայաստանի կողմից մարդասիրական առաքելությանը վերաբերող հարցերի։



