ԱՄՆ-ն բավարար ապացույցներ չունի Խաշոգջիի սպանության պատճառով սաուդցիների դեմ պատժամիջոցների համար
INTERNATIONAL NEWSԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ «կարող է մի քանի շաբաթ պահանջվել, մինչեւ որ Վաշինգթոնը բավարար ապացույցներ ունենա սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության պատասխանատու անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար, հաղորդում է AFP-ն:
«Մենք քննարկում ենք սպանության մեջ ներգրավված անձանց նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը: Հավանաբար, մեզ մի քանի շաբաթ կպահանջվի, մինչեւ որ բավարար ապացույցներ ունենանք այդ պատժամիջոցները կիրառելու համար», - ասել է նա՝ հավելելով, որ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է պատասխանատվության ենթարկել բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավված են այս «սարսափելի հանցագործության մեջ»:
Ավելի վաղ ամերիկացի դիվանագետը հայտարարել էր, որ սպանությունը «խախտում է միջազգային իրավունքի նորմերը»: Պոմպեոն ընդգծել է, որ ինչպես ասել է Թրամփը, ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ ոչ միայն կարեւոր առեւտրային կապեր, այլեւ ռազմավարական հարաբերություններ ունի, եւ մենք մտադիր ենք համոզվել, որ այդ հարաբերությունները անփոփոխ են մնում:
Հիշեցնենք, որ նախօրեին Ստամբուլի դատախազը հայտարարել էր, որ Խաշոգջիին խեղդամահ են արել անմիջապես հյուպատոսություն մտնելուց հետո, եւ դա եղել է կանխամտածված սպանություն, նրա մարմինն անդամատել են եւ ոչնչացրել։ Հայտարարության մեջ ասվում էր, որ Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ Ալ Մոհեբի հետ բանակցությունները որեւէ «որոշակի արդյունք» չեն տվել՝ չնայած ճշմարտությունը բացահայտելու Թուրքիայի ջանքերին։
Սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Կարծիք կա, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան սկզբում այդ ամենը հերքում էր՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել, սակայն այժմ ընդունում է, որ լրագրողը սպանվել է, սակայն՝ «պատահաբար»։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դա մանրամասն կազմակերպված սպանություն է եղել։ Նշենք, որ Խաշոգջիի մարմինը դեռեւս չի գտնվել։



