Կառավարությունը գումար կհատկացնի Տուլայում հայկական ավտոբուսի վթարի զոհերի ընտանիքներին
SOCIETYՏուլայում հայկական ավտոբուսի վթարի հետևանքով մահացածների ընտանիքներին կառավարությունը մեկ միլիոն դրամից ավելի գումար կտրամադրի:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տնարսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: «Այսօր ես կարող եմ մոտավոր թվեր ասել, որովհետև այսօր նիստ եմ հրավիրել, և նիստը վերջնական որոշում կկայացնի, թե հստակ որքան գումար կհատկացնենք: Մահացածների ընտանիքներին յուրաքանչյուրին մեկ միլիոն դրամից ավելի գումար կտանք, իսկ տուժածներին՝ երևի թե մինչև մեկ միլիոն դրամ»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ մնացած ծախսերը ևս՝ թաղման արարողություն, տեղափոխություն և այլն, կառավարությունը վերցրել է իր վրա։
Հարցին, թե ի վերջո ո՞ւմ վրա է ընկնում այդ վթարի պատասխանատվությունը, Գագիկ Բեգլարյանը խորհուրդ տվեց սպասել քննության արդյունքներին, որից հետո էլ ամեն ինչ պարզ կլինի: Նախարարը նշեց, որ «մենք՝ որպես պետություն, պետք է անպայման մեր համաքաղաքացիներին օգնենք, հասնենք իրենց դժվար պահին, կարողանանք ամեն ինչով լինել իրենց կողքը, ինչը մենք արեցինք։ Իսկ թե ով կկրի պատասխանատվություն վթարի համար, քննությունից հետո պարզ կլինի»,- եզրափակեց Գագիկ Բեգլարյանը։



