Նիկոլ Փաշինյանը գնում է արտահերթ ընտրություններին որպես իշխանազավթ, այս Սահմանադրությամբ ընտրությունների գնալը խայտառակություն է. Պ. Հայրիկյան (տեսանյութ)
POLITICSՆիկոլ Փաշինյանը որպես իշխանազավթ գնում է արտահերթ ընտրությունների. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը`հավելով, որ դատարանում հետագայում կարող են Նիկոլ Փաշինյանին մեղադրել հանցագործության մեջ, քանի որ թե՛ սահմանադրությամբ, թե՛ օրենքով կարգավորված չէ իր կողմից որպես վարչապետի պաշտոնակատար հանդես գալը, Սահմանադրության մեջ գրված է, որ նախագահի հրաժարականի կամ մահվան դեպքում նրան փոխարինում է ԱԺ նախագահը, բայց վարչապետի հրաժարականի, մահվան կամ լիազորությունները կատարել չկարողանալու դեպքում կարգավորված չէ:
«Ես իրեն այսօր ասում եմ, լսի՛ր, շուտ արա, դիմի՛ր Սահմանադրական դատարան՝ պարզելու համար արդյոք իրավունք ունե՞ս լինել վարչապետի պաշտոնում, ոչ ոք դա չի զգում, բայց երբ նախընտրական ժամանակահատավածը սկսի և ինքը լինի վարչապետ, դա նշանակում է՝ պայքարող ուժերից մեկի ապօրինի գերակայություն մյուսների նկատմամբ:
Սահմանադրության մեջ պաշտոնակատար բառը չկա, Կառավարության մասին օրենքում էլ չկա: Ինքը ապօրինի է էդ պաշտոնին, հրաժարականը հավասարազոր է մահվան: Կառավարության մասին օրենքում նույնիսկ այդպիսի դրույթ կա: Ինքը, երբ հրաժարական տվեց, Սերժ Սարգսյանի նման պիտի գնար և պիտի գոնե առաջին փոխավարչապետը շարունակեր, որովհետև կառավարության որոշման հավելվածում դրա մասին դրույթ կա»,-մանրամասնեց նա:
Պարույր Հայրիկյանի խոսքով, եթե հետագայում ՍԴ դիմեն, ապա Նիկոլ Փաշինյանը կարող է Սահմանադրության 2-րդ հոդվածը խախտելու համար մեղավոր ճանաչվել:
«Այստեղ կարող է խոսք գնալ իշխանությունը զավթելու մասին, իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովրդին պատկանում է խորհրդարանի միջոցով, խորհրդարանը ընտրում է վարչապետին:
Կա Սահմանդրություն, կան օրենքներ, տեսեք՝ Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել, հետո գնացել է մի կողմ, Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական է տվել՝ գնացել է մի կողմ, չի ասել՝ միչև հաջորդ ընտրություն պետք է պաշտոնավարեմ, որովհետև Սահմանդրությամբ դա կարգավորված էր: Քաղաքականապես դու մահացած ես, դու հրաժարական ես տվել, ինչ նկատառում ունես, դա քո խնդիրն է, իրավաբանորեն կա պաշտոն, որի պատասխանատուն դու ես, ասում ես՝ ես այդ պաշտոնից հրաժարվում եմ, պիտի հրաժարվես»,-նշեց նա:
Պարույր Հայրիկյանի խոսքով` իրավիճակից դուրս գալու համար վարչապետի թեկնածուն պետք է 2-րդ փուլում գոնե ընտրվի, սահմանադրական փոփոխություններից ու ԸՕ փոփոխություններից հետո միայն գնա արտահերթ ընտրությունների:
«Այս սահմանադրությամբ նոր ընտրությունների գնալը խայտառակություն է, մարդիկ կան, որ ասում են, որ ընտրություններից հետո կարող են սահմանադրական փոփոխություններ կատարվել, բայց մարդիկ պիտի հասկանան` դա նշանակում է,որ նոր ընտրություններ պիտի լինեն 6 ամիս, լավագույն դեպքում՝ մեկ տարի հետո»,-նկատեց նա:



