Վրաստանում նախագահական ընտրությունների պատճառով ոստիկանական տեխնիկա է տեղակայվել փողոցներում. ավելի քան 600 ընտրախախտում է գրանցվել
INTERNATIONAL NEWSՎրաստանի ներքին գործերի նախարարությունը գտնվում է լիակատար պատրաստականության վիճակում, որպեսզի ապահովի երկրի ողջ տարածքում նախագահական ընտրությունների հանգիստ և խաղաղ մթնոլորտում անցկացումը:
INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտնել է ՆԳ նախարար Գեորգի Գախարիան Թբիլիսիի ընտրատեղամասերից մեկում քվեարկելուց հետո: Նախարարի խոսքով՝ հենց դրա հետ է կապված Վրաստանի մայրաքաղաքի և մյուս քաղաքների փողոցներում ոստիկանական հատուկ տեխնիկայի տեղակայումը:
«Ոստիկանական ուժերը տեղաշարժվում են ընտրությունների՝ հանգիստ մթնոլորտում անցկացումն ապահովելու նպատակով», - ընդգծել է նախարարը:
Կիրակի «Ռուսթավի -2» հեռուստաալիքը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 28-ի գիշերը Թբիլիսիում նկատվել է ոստիկանական հատուկ տեխնիկա, այդ թվում՝ մեքենաներ, որոնք կիրառվում են ցույցեր ցրելու ժամանակ:
Վրաստանի նախագահի թեկնածու, «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոլ Վաշաձեի նախընտրական շտաբից հայտնել են, որ 13:00-ի դրությամբ ընտրատեղամասերում 620 խախտում է գրանցվել:
Միևնույն ժամանակ «Վրացական երազանք» իշխող կուսակցության աջակցությունը վայելող նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիլիշվիլիի շտաբից հայտարարել են, որ «Միասնական ազգային շարժումը» հրահանգ է ստացել իր նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիից հնարավորինս շատ բողոքներ ուղարկել ԿԸՀ:
Հոկտեմբերի 28-ին Վրաստանում անցկացվում են 1991-ին անկախություն հռչակելուց հետո 7-րդ նախագահական ընտրությունները, որին 25 թեկնածու է մասնակցում:



