Կրեմլը ողջունում է Խաշոգջիի սպանության վերաբերյալ Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի դիրքորոշումը
INTERNATIONAL NEWSԿրեմլը ողջունում է Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի դիրքորոշումը, որը հայտարարել է լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մանրամասն քննությամբ իր շահագրգռվածության մասին: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
«Մենք լսել ենք այդ սպանությունը դատապարտող թագավորական ընտանիքի հայտարարությունը՝ դրան թագավորական ընտանիքի մասնակցություն չունենալու մասին: Մնացյալը քննության հարցն է, ինչը ցանկանում է նաեւ թագավորական ընտանիքն ինքը: Մենք սա ողջունում ենք»,- ասել է Պեսկովը:
Այն հարցը, թե Մոսկվայում հավատո՞ւմ են սաուդյան միապետների հայատարարությանը տեղի ունեցածին կապ չունենալու մասին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը տեղին չի համարել. «Կա թագավորի պաշտոնական հայտարարությունը, գահաժառանգ արքայազնի հայտարարությունը: Սկզբունքորեն ոչ մեկի մոտ չպետք է լինի չհավատալու որեւէ հիմնավորում»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Կարծիք կա, որ նրան այնտեղ սպանել էին հատուկ ծառայությունների աշխատակիցները, որոնք այդ նպատակով Ստամբուլ էին եկել: Սաուդյան Արաբիան սկզբում այդ ամենը հերքում էր՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել։ Էր Ռիադը Խաշոգջիի մահացած լինելու փաստը ընդունել էր նրա անհետանալուց հետո միայն 2 շաբաթ անց՝ հայտարարելով, որ սպանությունը կանխամտածված չի եղել: Սակայն հոկտեմբերի 25-ին երկրի դատախազը հայտնել էր, որ Խաշոգջիին կանխամտածված սպանել են։ Լրագրողի մարմինը դեռեւս չի գտնվել։ Համենայնդեպս, պաշտոնական տեղեկություններ չկան, բայց լրատվամիջոցները հայտնել են, որ նրա մարմինը գտնվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսի նստավայրի տարածքում:



