Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի ճանապարհը երկկողմանի բաց է
SOCIETYՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի միջպետական ավտոճանապարհը նոյեմբերի 8-ի՝ ժամը 16:30-դրությամբ, երկկողմանի երթեւկելի է:
Նոյեմբերի 7-ին տեղի ունեցած քարաթափման հետեւանքով շուրջ 400 խմ ծավալի ժայռաբեկորները փակել էին ճանապարհի ամբողջ երթեւեկելի հատվածը:
Այսօր վաղ առավոտից Մեղրու ճանապարհաշինական ընկերութան աշխատակիցները հատուկ տեխնիկայի եւ մեխանիզմների միջոցով ձեռնամուխ են եղել ճանապարհից քարերի հեռացման աշխատանքներին:
Այն բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 7-ին, ժամը 17.47-ին Հայաստանի ՏԿԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կապան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով ճանապարհահատվածը դարձել է անանցանելի:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-17 ավտոճանապարհի Կապան-Մեղրի հատվածում (42-րդ կմ) տեղի է ունեցել քարաթափում (մոտ 1900 խմ ծավալով):
Նոյեմբերի 8-ին, ժամը 07.32-ին դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:
Ժամը 08.57-ից «Մեղրի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայով իրականացնում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ:
Ժամը 09.32-ի դրությամբ ճանապարհահատվածը դարձել էր միակողմանի երթեւեկելի:



