Հնարավոր է` ՔՊ-ի ցուցակում լինեն «բարիկադների» մյուս կողմում եղած մարդիկ․ Արարատ Միրզոյան
SOCIETYՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խոսքով՝ ինքը ենթադրում է, որ խորհրդարանական ընտրություններին իրենց քաղաքական ուժի ցուցակում կհայտնվեն մարդիկ, որոնք «բարիկադներից այն կողմ են»: Նա այս մասին հայտարարեց Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում:
«Օրինակներ չեմ կարող բերել, որովհետև դեռ ցուցակը չկա»,- ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է իրենց ցուցակում ՀԱԿ-ից թեկնածուներ լինեն, Միրզոյանը պատասխանեց․«Դաշինքը ենթադրում է «Իմ քայլը» դաշինքը, այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Առաքելություն» կուսակցությունների առաջադրած թեկնածուները։ Գուցե լինեն գործիչներ, որոնք տարբեր ժամանակներում եղել են «բարիկադների» մյուս կողմում, կամ բարիկադների այս կողմում: Ներառական պետք է լինի»,- ասաց նա:
Արարատ Միրզոյանը նշել է նաև, որ ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների հետ կոնցեպտուալ տարաձայնություններ չկան, ՀՅԴ-ի հետ՝ կան, և կառավարությունը Դաշնակցության հետ փոխզիջումային տարբերակ չի գտել:
«Ելք»-ի հետ մեր քննարկումն անցավ հիանալի մթնոլորտում՝ ինչպես և ենթադրվում էր: Որևէ կոնցեպտուալ տարաձայնություն չկա և չէր է կարող լինել: Կային մի քանի տեխնիկական առաջարկներ, որոնք կլուծենք: Յուրաքանչուր խմբակցության հետ եղել է յուրովի քննարկում: «Ծառուկյան» խմբացկության հետ եղել է մեկ անհամաձայնություն, որի շուրջ փոխզիջումային լուծում ենք գտել: ՀՅԴ-ի հետ քննարկման արդյունքում ի հայտ են եկել որոշակի կոնցեպտուալ տարաձայնություններ:



