Նախագահը վարչապետի և ԱԺ նախագահի հետ հանդիպումներ է ունեցել. քննարկվել է ստեղծված ներքաղաքական իրավիճակը
POLITICSՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստան վերադառնալուն պես խորհրդակցություններ է նախաձեռնել կառավարության և Ազգային ժողովի ղեկավարության հետ:
Այդ շրջանակում Հանրապետության նախագահն այսօր իր նստավայրում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ:
Զրուցակիցները քննարկել են երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և առկա խնդիրների հանգուցալուծման ուղիները՝ այդ համատեքստում կարևորելով երկրում կայունության պահպանումն ու հանդուրժողականության մթնոլորտը:
Նախագահ Սարգսյանը ողջունել է անցած օրերի բանակցային գործընթացը և շեշտել, որ իրավիճակի հանգուցալուծման և առկա խնդիրների լուծման միակ ճանապարհը երկխոսությունն է:
Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ հասարակությունն ու քաղաքական ուժերը կշարունակեն խոհեմություն ու սթափություն դրսևորել և առաջնորդվել երկրի շահերով, Սահմանադրությամբ ու օրենքներով
Վարչապետի հետ հանդիպմանը, ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, նախագահ Սարգսյանն ասել է.
«Պայմանավորվել էինք մեր հեռախոսազրույցների, նաև Փարիզում մեր հանդիպման ժամանակ, որ պետք է հանդիպենք: Հանդիպել եմ արդեն նաև պարոն Բաբլոյանի հետ և կուզենայի՝ քննարկենք ներքաղաքական իրավիճակը»:
Նիկոլ Փաշինյանն ընդծել է, որ իսկապես շատ կարևոր է իրավիճակը քննարկել նաև Հանրապետության նախագահի հետ։
«Ըստ էության, հիմա կարող եմ ասել, որ վերջին օրերին մի քանի իրադարձություններ են տեղի ունենում, որոնք կարծես թե տանում են դեպի հանգուցալուծում: Մասնավորապես, երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հուշագիր ստորագրեցինք՝ դեկտեմբերին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, և ևս 16 պատգամավոր գրավոր հայտարարությամբ պաշտպանել են այդ նախաձեռնությունը: Կարծում եմ, որ, ըստ էության, պրոցեսը գնում է լարվածությունը թոթափելու ճանապարհով, ինչը դրական է»,– ընդգծել է վարչապետը։
Արմեն Սարգսյանը նշել է, որ շատ ուրախ կլինի, որ պրոցեսը տեղի ունենա երկխոսության մթնոլորտում։
«Ուրախ եմ լսել, որ վերջին 1-2 օրվա ընթացքում բանակցությունների, երկխոսության ճանապարհով որոշակի արդյունքներ են ձեռք բերվել, և որ հավանաբար հանգուցալուծումը հեռու չէ: Շատ կարևոր է, որ այդ հանգուցալուծումը տեղի ունենա»,– եզրափակել է ՀՀ նախագահը։





