ՀՅԴ օրակարգում հուշագիր ստորագրելու հարց չկա, դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու փաստարկները համոզիչ չեն. Արսեն Համբարձումյան
POLITICSԴեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հուշագիր ստորագրելու հարց մեր օրակարգում չկա, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ քննարկման ժամանակ նման հարց օրակարգում չի եղել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը: Անդրադառնալով հարցին, որ եթե ԲՀԿ-ն հուշագիր է ստորագրել, այսինքն՝ որոշակի առումով կոնսենսուս կա դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու շուրջ, նշանակում է՝ ՀՅԴ-ն չի՞ խոչընդոտի, թե պետք է ՀՀԿ-ն ևս կողմ լինի, որ ՀՅԴ –ն համարի, որ լիարժեք կոնսենսուս կա, Արսեն Համբարձումյանը պատասխանեց.
«Մենք քայլերը և գործողությունները չենք պայմանավորում այլ ուժերի քայլերով և գործողություններով: Արտահերթ ընտրությունների ժամկետների վերաբերյալ մենք մեր դիրքորոշումը չենք փոխել»,-շեշտեց նա: Հարցին՝ արդյո՞ք չեն վախենում հասարակության ճնշումից, քանի որ պարբերաբար նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը հասարակական ճնշմամբ փափուկ ուժ կիրառեց ԲՀԿ-ի նկատմամբ, Արսեն Համբարձումյանն ասաց.
«ՀՅԴ –ն հավատարիմ է մնում իր դիրքորոշումներին և մոտեցումներին, պետք չէ հասարակությանը քաղաքական ուժերի մոտեցումները ձևախեղված ներկայացնել, մենք դեմ չենք արտահայտվել, արտահերթ ընտրությունների անցկացման հետ կապված որևէ հարց չենք ունեցել, մենք դեմ ենք ժամկետներին:
Արսեն Համբարձումյանն ասաց, որ ցանկացած ժամկետ պետք է տրամաբանված լինի. նախ՝ կառավարության կողմից պետք է հաստատվի ԸՕ բարեփոխումների փաթեթը, հետո ուղարկվի ԱԺ, որտեղ ընթացակարգով պետք է ընդունվի, այն պետք է խորհրդարանին ներկայացվեր սեպտեմբերին, ինչպես նախատեսվում էր, սակայն չի արվել:
«Նախ՝ համապատասխան ճանապարհային քարտեզը պետք է հստակ դրվեր սեղանին, որպեսզի պարզ լիներ՝ մինչև դեկտեմբեր հնարավոր է անցկացնել ընտրությունները, թե ոչ, և ինչ քայլերով կարելի է իրականություն դարձնել դա, եթե դա արվեր՝ մենք պատրաստ ենք քննարկումներին, բայց մեզ դեռ տակավին փաստարկներ չեն ներկայացվել»,-ընդգծեց նա:



