Մոմավառություն՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի (տեսանյութ)
SOCIETY
20։00
Ժամը 20-ին Շառլ Ազնավուրի հրապարակ ժամանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության մի շարք անդամների հետ։ Վարչապետը մոմ վառեց Հայաստանի ազգային հերոսի հիշատակին։
Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցում աշխարհահռչակ շանսոնյեի հիշատակին։
Այստեղ ժամը 20։00-ին Հայաստանի ազգային հերոսի հիշատակին տեղի կունենա մոմավառություն։
«Այսօր 20:00-ին Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի»,- գրված է ՀՀ Կառավարության ֆեյսբուքյան էջի հրապարակման մեջ:
Շառլ Ազնավուրը մահացել է այսօր՝ հոկտեմբերի 1-ին, 94 տարեկան հասակում։
Աշխարհահռչակ շանսոնյեն շուրջ հազար երգի հեղինակ է, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ժո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։
Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն՝ Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։
Հայաստանի ազգային հերոսի հիշատակին նվիրված արարողությանը կարող եք հետևել Tert.am-ի ուղիղ հեռարձակմամբ։



