Իրաքյան Քուրդիստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում
INTERNATIONAL NEWSԻրաքյան Քուրդիստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: Խորհրդարանի 111 տեղի համար կպայքարեն 29 կուսակցությունների 773 թեկնածուներ:
Ըստ ընտրական հանձնաժողովի տվյալների՝ պաշտոնապես գրանցվել է մոտ 3 մլն ընտրող, որոնց մեծ մասը բնակվում է Սուլեյմանիա եւ Էրբիլ նահանգներում: Իրաքյան Քուրդիստանում ընտրությունների համար բացվել են 5,9 հազար ընտրական տեղամասեր, փոխանցում է «Ինտերֆաքսը»: Քվեարկության ընթացքին կհետեւեն ավելի քան 20 տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Լրատվամիջոցները հայտնում են, որ խորհրդարանական ընտրություններն անցկացվում են Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեից հետո մեկ տարի անց: Այդ ժամանակ քվեարկել էր հանրաքվեին մասնակցած ընտրողների 92,73 տոկոսը: Սակայն Բաղդադը հանրաքվեն ապօրինի էր համարել: Հանրաքվեից հետո Էրբիլի եւ Բաղդադի հարաբերությունները լարվել էին: Այս իրադարձությունների ֆոնին կենտրոնական իշխանությունները մի քանի ամիս արգելք էին սահմանել քրդական մարզ միջազգային ավիաչվերթների վրա, սակայն հետո սահմանափակումները հանել էին՝ վերահսկողություն հաստատելով Իրաքյան Քուրդիստանի օդանավակայաններում:
Արեւմտյան դիտորդները նշում են, որ Իրաքյան Քուրդիստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները կարող են դրական ազդել Էրբիլի եւ Բաղդադի հարաբերությունների վրա:



