«ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանն անբարո անձնավորություն է». դասախոսները պահանջում են դեկանի հրաժարականը (տեսանյութ)
SOCIETY
Ֆակուլտետի դասախոս, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ ֆակուլտետում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար դասախոսները նամակով դիմել են Կրթության և գիտության նախարարություն:
«Այս պրոցեսում մենք չենք կարող ձև անել, թե ամեն ինչ նորմալ է, և ուսումնական պրոցես տանենք: Սա ինչու է կարևոր, որովհետև ֆակուլտետում հայտնվում են մարդիկ, ովքեր կապ չունեն կրթության հետ՝ զուտ անձնական որոշումներով: Կաշառակերությունը բավական բարձր մակարդակի վրա է: Ֆակուլտետի դեկանը անբարո կերպար է, երբ մարդ սովոր է գործընկերների հետ խոսել հայհոյանքներով, ինքներդ կարող եք դատողություններ անել: Միայն այդ փաստը բավարար է, որ այդ մարդուն ճանապարհեն»,- հայտնեց դասախոսը:Նախարարություն ուղարկված նամակից հետո Թաթուլ Մանասերյանի նկատմամբ հետապնդումներ են սկսել:
«Ովքեր դժգոհություն հայտնել են, ընդհանրապես կա՛մ հեռացվել են, կա՛մ զրկվել են ժամերից: Իմ նկատմամբ կան սպառնալիքներ, որ դատի կտան, տարբեր հաշվեհարդարներ կտեսնեն: Դրանցից մեկն էլ այն է, որ զրկեն դասերից: Այսօր ամբիոնի վարիչն ինձ տեղեկացրեց, որ փորձել են զրոյացնել: Թե ուր կհասնի դա, ես հույս ունեմ, որ դեռ համալսարանի ղեկավարությունն ըմբռնումով կմոտենա այս իրավիճակին, և ամեն ինչ չէ, որ դեկանի քմահաճույքով պետք է տեղի ունենա»,- նշեց նա:
ԿԳՆ-ին ուղարկված նամակում, մասնավորապես, ասվում է, որ ԵՊՀ կանոնադրության հոդված 22-ի համաձայն՝ ԵՊՀ-ն պարտավոր է գործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև իր կանոնադրությանը համապատասխան: ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մոտ երկու տասնամյակ է, ինչ տիրում է դեկանի միահեծան կառավարում՝ ՀՀ օրենքների կոպիտ խախտումներով:
Հաշվի առնելով ֆակուլտետում առկա կոռուպցիոն փաստերը՝ դասախոսները նախարարությունից հայցում են աջակցությունը՝ ԵՊՀ ՏԿ ֆակուլտետում վերականգնելու օրինականությունը և ուսումնական գործընթացի նորմալ ընթացքը՝ դեկանին ապօրինի զբաղեցրած պաշտոնից ազատելու և նոր ընտրություններ կազմակերպելու միջոցով:
«Նախարարությունից արձագանքը եղել է ուսումնասիրություն կատարել: Նախարարության ներկայացուցիչները եղել են ֆակուլտետում, փորձել են պարզել իրավիճակը: Կարծում եմ՝ բավարար տեղեկատվություն ունեն և բավարար հիմքեր ունեն որոշումներ կայացնելու համար»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:



