Արմեն Աշոտյանը պատրաստ է ամենաանհարմար հարցերը տալ իր նոր հաղորդման ցանկացած հյուրի
SOCIETYՔաղաքական նոր հաղորդում վարելու որոշումը հեշտ չի եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համար: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը նշեց, որ առաջարկը ստանալուց երկակի զգացողություն է ունեցել:«Մի կողմից գայթակղություն է եղել լինել ոչ միայն հյուր, այլ նաև հաղորդման տանուտեր, մյուս կողմից էլ կա պատասխանատվություն։ Բայց ծանրութեթև անելով՝ որոշեցի ստեղծագործական աշխատանքի այս ձևն էլ փորձել, հատկապես որ ասում են «Ամենախելացին» հաղորդման մեկ վարելը դրական է ազդել կրթության վրա»,- ասաց նա:
Հարցին՝ որքանո՞վ է կոռեկտ, լինելով ՀՀԿ փոխնախագահ և կրթության նախարար, հրավիրել այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, Արմեն Աշոտյանը նկատեց, որ դրանք բացարձակապես կապ չունեն մեկը մյուսի հետ: «Դեռ չտեսած` հաղորդումը քննադատելը միայն մի բանի մասին է խոսում, որ կողմնակալ վերաբերմունք է դրսևորվում: Պատրաստ եմ լսել քննադատություններ միայն այն բանից հետո, երբ հաղորդումը եթեր կհեռարձակվի»,-ասաց Աշոտյանը և հավելեց, որ արդեն մի քանի հաղորդում նկարահանել են, սակայն փակագծեր բացել և մանրամասներ հաղորդել չցանկացավ:
Աշոտ յանը հավաստիացրեց, որ հաղորդման ընթացքում «այո»-ի քարոզչություն չի իրականացնելու, այլ իրեն վերապահված հաղորդավարի գործառույթներն է իրականացնելու, որն է տալ ամենաանհարմար հարցերը ցանկացած հյուրի:
Թե ինչպե՞ս է համատեղելու հաղորդավարի պարտականությունները իր բուն գործի՝ նախարարի պաշտոնի հետ, նախարարը նկատեց. «Դեռ չեմ դժգոհում, ես երիտասարդ անձնավորություն եմ, ես ամբողջությամբ համադրում եմ»:
Նախարարը հավելեց նաև, որ հաղորդավարի աշխատանքի համար վարձատրվելու է:
Հարցին, թե հաղորդմանը ՀԱԿ-ից ներկայացուցիչ հրավիրելո՞ւ է, Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ հաղորդման հյուրերի հարցում սև ցուցակ չունի:
Արմեն Աշոտյանը կվարի «Եռանկյունի» հաղորդաշարը. եռանկյունու ձևաչափով շահագրգիռ կողմերը քննարկելու են արտաքին և ներքին քաղաքական հրատապ հարցեր:



