Ասադը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին՝ Իլ-20 ինքնաթիռի կործանման կապակցությամբ
INTERNATIONAL NEWSՍիրիայի նախագահ Բաշար Ասադը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սիրիայում Իլ-20 ռուսական ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Այս մասին հաղորդում է սիրիական SANA լրատվական գործակալությունը:
Սիրիայի առաջնորդն ընդգծել է, որ այս դժբախտությունը տեղի է ունեցել «Իսրայելի ամբարտավանության պատճառով»:
«Սիրիացի ժողովրդի անունից ես խորին ցավակցություններ եմ հայտնում ռուս ժողովրդին՝ Իլ-20 ռուսական ռազմական ինքնաթիռի՝ Միջերկրական ծովն ընկնելու կապակցությամբ, ինչը հանգեցրել է Սիրիայում Ռուսաստանի օդուժի ահաբեկչության դեմ պայքարի վեհ առաքելությունն իրականացնող ռուս հերոս զինվորների մահվան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ Ասադը հույս է հայտնել, որ Իլ-20 ինքնաթիռի կործանումը չի խանգարի Ռուսաստանին ու Սիրիային համատեղ պայքար մղել ահաբեկչության դեմ:



