Արտակ Զեյնալյանի՝ քաղաքապետ ընտրվելով Նիկոլ Փաշինյանի դիրքերը չեն թուլանում, ընդհակառակը․ Արամ Սարգսյան
POLITICSԱրտակ Զեյնալյանի՝ քաղաքապետ ընտրվելով Նիկոլ Փաշինյանի դիրքերը չեն թուլանում․ այս մասին Քանաքեռ- Զեյթունում «Լույս» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
«Ընդհակառակն եմ կարծում: Արտակ Զեյնալյանը, արդարադատության նախարար աշխատելով, իր անբասիր վարքով, արդարամտությամբ, իր ներկայությամբ ամրապնդել է վարչապետի դիրքերը: Վստահեցնում եմ ձեզ՝ քաղաքապետ ընտրվելով՝ Արտակ Զեյնալյանն է՛լ ավելի է ուժեղացնելու վարչապետի դիրքերը: Արտակ Զեյնալյանը Երևանի քաղաքապետ է առաջադրվում, ոչ թե վարչապետին դեմ մարդ»,- ասաց նա:
Արամ Սարգսյանի խոսքով՝ երբ հաղթի Արտակ Զեյնալյանը, թե՛ աշխարհի համար, թե՛ քաղաքական դաշտի մնացած բոլոր ներկայացուցիչների համար ակնհայտ է լինելու, որ ընտրություններն արդար են դառնում:
«Այսինքն՝ մարդիկ հասկանում են, որ իշխանությունն ադմինիստրատիվ ռեսուրս չի օգտագործել, վարչապետն իր վարկանիշը չի օգտագործել իր թիմակցին հաղթեցնելու համար: Իսկ դա լրացուցիչ մեծ քանակությամբ բոնուս է, բոնուս է ԵՄ-ից, Արևմուտքից՝ նյութական աջակցության, ժողովրդավարության առումով, սա բոնուս է նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների առումով, որովհետև այս պարագայում ներքաղաքական կյանքի մասնակիցները կարող են խորհրդարանը ցրել և մասնակցել ընտրություններին՝ հասնելով արդյունքի»,- ասաց նա:



