Որոշ ուժեր դեռևս կարծում են, որ ՀՀԿ-ն դեռ իրենից ուժ է ներկայացնում, ցավում եմ այդ ուժերի համար․ Արայիկ Հարությունյան
POLITICSԿրթության և գիտության նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» վարչության անդամ Արայիկ Հարությունյանը չի մանրամասնում, թե ում է վերբերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ իրենց համախոհ որոշ ուժեր թաքուն համագործակցում են ՀՀԿ-ի հետ։
Միևնույն ժամանակ նախարարը Tert.am-ի հետ զրույցում շեշտեց, որ եթե վարչապետ Փաշինյանը նման բան է հայտարարել, նշանակում է՝ փաստեր ունի։
ՔՊ վարչության անդամին զարմացնում են այն հայտարարությունները, թե իրենք մտավախություն ունեն, որ կարող են չհաղթել Երևանի ավագանու ընտրություններին։ Արայիկ Հարությունյանը վստահեցրեց՝ ՔՊ-ն ամենևին նման մտավախություն չունի։
Դիտարկմանը, որ իշխանափոխությունից առաջ քաղաքական ուժերը կոնսոլիդացվել էին Սերժ Սարգսյանի վարչապետ չլինելու և ՀՀԿ-ին դեմ լինելու գաղափարի շուրջ, իսկ հիմա կարծում են, որ «դեմ»-ը սպառել է իրեն և ժամանակն է «հանունի»-ի մասին մտածել, նախարարն արձագանքեց, թե որոշ ուժեր դեռևս կարծում են, որ ՀՀԿ-ն դեռ իրենից ուժ է ներկայացնում։ Ավելին՝ հայտարարեց, թե ինքը ցավում եմ նման մտածելակերպ ունեցող ուժերի համար։
«ՔՊ-ի գաղափարախոսությունը կողմի և հանունի գաղափարախոսություն է։ Կառավարությունը, մեծամասամբ կազմված լինելով ՔՊ-ի ներկայացուցիչներից, իրենց գործունեությամբ հանունի ուղղությամբ են աշխատում։ Հանուն փոփոխությունների, հանուն բարեփոխումների, հանուն սիրո և երջանկության Հայաստանի, հանուն բարեփոխված Հայաստանի»,- եզրափակեց Արայիկ Հարությունյանը։



