Առանց ԼՂ հակամարտության կարգավորման սահմանների բացման մասին խոսք չի կարող գնալ. Էրդողան վերահաստատել է նախապայմանը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ հայտարարել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր չէ բացել Հայաստանի հետ երկրի սահմանները և Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Այդ մասին Էրդողանը հայտարարել է՝ ելույթ ունենալով «Բաքվի ազատագրման 100-ամյակի» կապակցությամբ անցկացվող ռազմական շքերթում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Առանց հակամարտության կարգավորման, առանց իրենց հայրենի տներ փախստականների վերադարձի չի կարող անգամ խոսք գնալ սահմանների բացման և որևէ տեսակի հարաբերությունների հաստատման համար»,- ասել է Էրդողանը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: Բաքվում պաշտոնական հանդիպման արարողությունից հետո կայացել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները:
Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և սահմանը բացելու համար Էրդողանը բազմիցս նախապայմաններ է առաջ քաշել, որոնցից մեկն էլ արցախյան հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելն է:



