Հակահեղափոխությունը կարող է գործել այն ժամանակ, երբ մենք կորցնենք մեր միասնականությունը․ Արմեն Մարտիրոսյան
SOCIETYԵրևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ժառանգություն» կուսակցությունն այսօր քարոզարշավը սկսեց Աջափնյակ համայնքից։ Ավագանու թեկնածուները ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցությամբ շրջեցին համայնքով, զրուցեցին բնակիչների հետ և ծանոթացան խնդիրներին, ինչպես նաև ներկայացրին մայրաքաղաքի զարգացման իրենց տեսլականը։
Ցուցակի 2-րդ համարում գտնվող Արմեն Մարտիրոսյանն էլ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հայաստանյան ներքաղաքական որոշ խնդիրների։
Մարտիրոսյանը, խոսելով հակահեղափոխության մասին, նշեց, որ դա հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ դաշտի առողջ ուժերը մասնատվեն։ Նրա կարծիքով՝ բոլոր այն ուժերը, որոնք պայքարել են մինչև վերջ, եթե միասնական պայքար կտանեն, ապա որևէ հակահեղափոխություն չի կարող լինել։
«Այսպես կոչված հակահեղափոխությունը կարող է գործել այն ժամանակ, երբ մենք մեր միասնականությունը կորցնենք։ Մենք ձեռք բերեցինք միասնականություն, ինչի շնորհիվ եղավ իշխանափոխություն, և այս միասնականության շնորհիվ կարող ենք անել հեղափոխական փոփոխություններ։ Եթե կորցնենք, բնական է, որ հակահեղափոխական ուժերը կարող են հաջողել»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին, մասնակցելու է 12 ուժ։



