Թուրքական ԶՈւ-ն Աֆրինում միջազգային իրավունքի նորմերին հակասող քայլեր է արել․ ՄԱԿ-ի զեկույց
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ը նոր զեկույց է ներկայացրել Սիրիայում տիրող իրավիճակի հետ կապված, որում անդրադարձել է նաև երկրի հյուսիսային նահանգներից Աֆրինին, ուր ամիսներ առաջ ռազմական գործողություն էր իրականացնում թուրքական ԶՈւ-ն։
Ինչպես գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը, զեկույցում նշված է, որ ռազմական գործողության ընթացքում թուրքական ԶՈւ-ն միջազգային իրավունքի նորմերին հակասող քայլեր է արել, մասնավորապես՝ ռմբակոծվել է մեկ հիվանդանոց, բազմամարդ շուկա ու բնակելի թաղամասերի տներ։
Զեկույցն ընդգծում է, որ, ամենայն հավանականությամբ, թուրքական կողմը ռմբակոծությունից առաջ չի ձեռնարկել պահանջվող բոլոր պարտադիր նախնական նորմերը։
Նշված է նաև, որ թուրքական ԶՈւ-ին Աֆրինում աջակցող «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը չհիմնավորված ձերբակալություններ է իրականացրել աֆրինցիների շրջանում։
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը:
Թուրքական ԶՈւ-ը Աֆրինի կենտրոնը գրավել է մարտի 18-ին:



