Շիրակի համայնքային անտառները հարստացվում են փշատերև ծառատեսակներով
SOCIETYՇիրակի մարզում իրականացվում են համայնքային անտառների հիմնման աշխատանքներ: Այս պահին ծառատունկ է իրականցվում մարզի Արթիկի տարածաշրջանի Սարալանջ և Աշոցքի տարածաշրջանի Ղազանչի համայնքներում:
Ինչպես տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Համլետ Գասպարյանը, հատկացված տարածքներում արդեն կատարված են հողի փխրեցման աշխատանքերը և իրականացվում է բուն ծառատունկը: Քանի որ երկու համայնքներն էլ բարձրադիր գոտիներում են, տնկիները հիմնականում փշատերև ծառատեսակներ են: «Տնկիները բարեգործական հիմունքներով տրամադրված է «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի կողմից, իսկ ծառատնկման, ոռոգման ապահովման, ցանկա պատման և պահպանության աշխատանքները՝ համայնքների կողմից: Աշխատանքերը կոորդինացնում է Շիրակի մարզպետարանի համապատասխան բաժինը»,-նշեց Համլետ Գասպարյանը՝ հավելելով, որ տեղի ընտրությունն իրականացվում է մեծ ուշադրությամբ՝ հաշվի առնելով ինչպես ոռոգման համակարգի առկայությունը, այնպես էլ ապահովվությունը:
«Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամը տնկիներ տրամադրում է միայն ոռոգման համակարգի պարտադիր առկայության դեպքումն: Ի դեպ, ինչպես նշեց մասնագետը՝ աշնանային ծառատունկն ամենաարդյունավետն է Շիրակի համար: «Մենք արդեն մեկ տասնյակից ավելի համայնքերում հիմնել ենք համայնքային անտառներ: Առաջիկա օրերի ընթացքում նույն ծրագրով ևս մեկ համայնքային անտառ կհիմնվի Հոռոմ համայնքի վարչական մոտ 3,5 հեկտար տարածքում: Ինչ վերաբերում է անցած տարիներին արդեն հիմնված անտառներին կպչողականությունը՝ այն շատ լավ է, օրինակ Արևշատում 3,5 հեկտար տարածքում 70 տոկոսից բարձր կպչողականություն է գրանցվել»,-նշեց մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետը:
Հաշվի առնելով այն, որ չնայած Շիրակի մարզի անտառների պահպանման համալիր պետական ծրագրին, մարզն աչքի չի ընկնում կանաչապատ տարածքներով, անտառապատկան՝ 4660 հեկտարից անտառապատ է միայն 2033-ը, ապա այս ծրագիրը բավական արդյունավետ կարելի է համարել:



