Նոր կառավարության ծրագրերն առայժմ լոզունգային են, Իրանի հետ հարաբերությունների դանդաղելն էլ արդարացում չունի. Հակոբ Ավետիքյան
SOCIETYՆոր կառավարության կողմից այդպես էլ համոզիչ ծրագրեր չեմ տեսել, առայժմ լոզունգային է, բայց մտադրությունները, կարծում եմ, դեռևս ընդունելի են: Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի իշխանությունների պաշտոնավարման 100 օրերի աշխատանքին, նման տեսակետ հայտնեց հրապարակախոս, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը:
«Կառավարության շատ գերատեսչություններ դեռևս իրենց տեղը չեն գտել, և 100 օր անցնելուց հետո էլ ոմանք իրենց աշխատանքը չեն կարողանում անել: Կարծում եմ՝ դեռևս սպասողական վիճակ է, կոնկրետ ինձ համար: Այստեղ ոչ միայն պրոֆեսիոնալիզմի պակասն է զգացնել տալիս իրեն, այլ նաև հարցերին խորքային կերպով մոտենալու և դրանք լուծելու կերպարն է, որ մի քիչ հուսախաբեցնում է»,-ասաց նա:
Հակոբ Ավետիքյանը նշեց, որ ընդհանուր առմամբ կանխատեսվում էր այս կառավարության ամբողջական ձախողում՝ նկատի ունենալով նրանց ոչ պրոֆեսիոնալ լինելը, բարեբախտաբար, այն չիրականացավ:



