Նախարարը ֆուտբոլի անունը լսելուց վախենում է, թե արդյոք Ռուբեն Հայրապետյանը չի պատժի իրեն
SOCIETY«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այն եզակի պաշտոնյաներից է, որի դեպքում դժվար է ասել, թե նրան ինչու են նշանակել: Ու նույնիսկ եթե նրան ազատեն եւ փոխարենը որեւէ մեկին չնշանակեն, ապա սպորտի եւ երիտասարդության հարցերում ոչինչ չի փոխվի: Բայց պարզվում է՝ այս իրավիճակը խիստ զայրացրել է նաեւ հենց նախարարին:
Հիշեցնենք, որ երբ լրագրողները հայկական ֆուտբոլում տիրող վիճակի մասին մեկ շաբաթ առաջ փորձել էին նախարարից մեկնաբանություն ստանալ, պարզվել էր, որ նա այդ սպորտաձեւով չի հետաքրքրվում:
Ակնհայտ էր դարձել, որ Ղազարյանը ֆուտբոլի անունը լսելուց անգամ վախենում է, քանի որ չգիտի, թե ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ինչպես կընդունի այդ քայլը եւ արդյոք չի որոշի պատժել իրեն: Եվ որպեսզի լրագրողները այլեւս իրեն այդ տհաճ փաստի առաջ չկանգնեցնեն, Գաբրիել Ղազարյանը նոր մարտավարություն է որդեգրել. նա նախ փորձում է լռեցնել լրագրողներին:
Ու այդ «պատասխանատու» գործը նա վստահել է իր վարորդին, որը երեկ փորձել է «Ժողովուրդ»-ի լրագրողին հրելով՝ հեռացնել նախարարի ճանապարհից, որպեսզի նա տհաճ հարցերով Ղազարյանի անդորրը չխանգարի: Իսկ երբ նախարարը համոզվել է, որ այդ մեթոդը եւս լուծում չէ, ստիպված սկսել է հարցերին պատասխանել՝ ակնհայտ անհարգալից տոնով խոսելով լրագրողի հետ. «Դե, լավ էլի, արա… Դուք արդեն … չի կարելի չարաշահել իմ համբերությունը»: Այսպիսով, նախարարը ի ցույց է դրել իր դաստիարակությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



