Yerevan, 07.August.2026,
00
:
00
BREAKING


Մրցակցային ընտրություններ առանց փաստացի ընդդիմության. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկը դեռևս տրված չէ, ուստի նախընտրական պայքար, որպես այդպիսին, դեռ չկա: Սակայն այս փաստի արձանագրումն իսկ նոր հարցեր է ծնում, թե արդյոք մենք, ընդհանրապես, կտեսնենք բուռն քարոզարշավ ու սուր պայքար: Տրամաբանությունը կարծես թե հուշում է, որ ընտրապայքարում ընդգրկված քաղաքական ուժերը առնվազն համեստ կգտնվեն մի շարք պատճառներով: 

Նախ՝ սկսենք նրանից, որ առաջիկա ընտրություններում պարզապես չկա ընդդիմադիր բևեռ, և փաստացի ակնկալվում են ընտրություններ, որտեղ չկա ընդդիմության և ֆավորիտի պայքար: Այստեղ մենք հայտնագործություն չենք անում, որովհետև եթե առանձին–առանձին անդրադառնանք ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին, ամեն ինչ առավել քան պարզ կլինի:«Քաղաքացիական պայմանագիր»: Այս կուսակցությունը ներկայումս ընտրությունների ֆավորիտներից է, ավելին՝ տարբեր հարթակներում ՔՊ–ն ներկայացվում է որպես իշխող կամ իշխանական կուսակցություն: Թե ինչքանով է այս գնահատականը ճիշտ զուտ քաղաքագիտության տեսանկյունից, բոլորովին այլ խնդիր է, սակայն փաստն այն է, որ երկրի վարչապետը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը, բացի սրանից, լայն ներկայացվածություն ունի պետական ապարատում: 

Միայն այսքանը բավարար է, որպեսզի ՔՊ–ն ընկալվի որպես իշխանական կուսակցություն: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ Երևանի ավագանու ընտրություններում տեղի է ունեցել բավական ուշագրավ տրանսֆորմացիա. եթե խորհրդարանում ինչ–որ տեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Ելք» դաշինքը նույնական են, ապա ավագանու ընտրություններում բովանդակային առումով «Ելք» դաշինքի կրողն է «Լուսավոր Հայաստան»–«Հանրապետություն» կուսակցությունների դաշինքը: Սակայն սա չի նշանակում, թե ԼՀԿ–«Հանրապետություն» դաշինքը ՔՊ–ի մրցակիցը, առավել ևս դասական իմաստով ընդդիմադիրը կարող է լինել: Ըստ էության՝ անզեն աչքով էլ պարզ է, որ այս դաշինքը չի կարող հավակնել ՔՊ–ի ընտրազանգվածին, որը բավական կայուն է, ինչը նշանակում է, որ ԼՀԿ–«Հանրապետություն» դաշինքը իր ձայներն ստանալու է մյուս կուսակցությունների ընտրազանգվածից և չկողմնորոշվածներից: ԲՀԿ: Այս կուսակցությունը կարելի է ասել ավագանու ընտրությունների հաջորդ ֆավորիտ ուժն է և ներկա պայմաններում փաստացի միակ քաղաքական ուժը, որն առավելագույն ձայներ ստանալու և հաղթելու ներուժ և համապատասխան ռեսուրսներ ունի, այստեղ ճշտենք, որ խոսքն առաջին հերթին քաղաքական ուժի ներուժի մասին է: Այս տեսանկյունից ԲՀԿ–ն ՔՊ–ի միակ լուրջ մրցակիցն է, և բոլորին էլ պարզ է, որ հիմնական պայքարն ընթանալու է այս երկու կուսակցությունների միջև: Սակայն արդյո՞ք մրցակից նշանակում է ընդդիմադիր: Կարծես թե՝ ոչ, որովհետև, անկախ ամեն ինչից, ԲՀԿ–ն ինչ–որ իմաստով նույնպես հեղափոխության կրողներից է, ինչպես «Լուսավոր Հայաստանը», «Հանրապետությունը» և անգամ ՀՅԴ–ն: Ի վերջո, թեկուզ կոալիցիայի բացակայության պայմաններում ներկայումս մենք ունենք ազգային համաձայնության կառավարություն բնութագրմանն արժանացած կառավարություն, որի մասն են կազմում և՛ ԲՀԿ–ն, և՛ ՀՅԴ–ն: Այս գործոնն, ըստ էության, հնարավոր չէ անտեսել, ուստի ինչքան էլ մենք խոսենք Երևանի ավագանու ընտրությունների մրցակցային բնույթից, այնուամենայնիվ, դրանք բազմաբևեռ չեն: Ուստի չի բացառվում, որ և՛ ԲՀԿ–ն, և՛ ՔՊ–ն, և՛ ԼՀԿ–ն, և՛ «Հանրապետությունը» նախընտրական քարոզարշավը տանեն հեղափոխության հաղթանակի ու հեղափոխականության տրամաբանության մեջ:

Ավելին՝ վերջիններիցս շատ ավելի հեղափոխական տոնայնություններով է փորձում հանդես գալ անգամ ՕԵԿ–ը, որին հեղափոխության մասնակից կուսակցություն ընկալելու համար բավական մեծ երևակայություն է հարկավոր: Սակայն ՕԵԿ–ին թողնենք իր հոգսերի մեջ, չնայած, քանի որ հիշեցինք, նշենք, որ ՕԵԿ–ը նույնպես մասնակցում է այս ընտրություններին և, բնականաբար, փորձելու է հանդես գալ որպես հեղափոխության կրող հերթական քաղաքական ուժը, ինչն իր հերթին վկայում է այն մասին, որ մենք, ի դեմս ՕԵԿ–ի, կրկին ընդդիմություն չենք տեսնելու: 

Ընտրություններին մասնակցող և համեմատաբար համեստ հնարավորություններ ունեցող մյուս կուսակցությունների պարագայում նույնպես դժվար է տեսնել ընդդիմադիր բևեռ: Այդպիսին կարող էր ընկալվել Ռեֆորմիստների կուսակցությունը, որը պրոքոչարյանական գծի մեջ է, սակայն ավելորդ է ասել, որ այս կուսակցությունը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի քաղաքական գործոն դառնալու և ընդհանրապես անցողիկ շեմին մոտենալու հավակնությունների համար:

Իհարկե, պրոքոչարյանական է ընկալվում նաև ՀՅԴ–ն, սակայն իրականության մեջ, կարծում ենք, որ ՀՅԴ–ն ունի իր սեփական օրակարգը և նպատակահարմար չէ նրան ներկայացնել որպես ընդդիմություն, ավելին՝ ՀՅԴ–ն չի էլ հավակնում ընդդիմության կարգավիճակին: Ըստ էության, վերջին 20 տարում ՀՅԴ–ն ընդդիմադիր եղել է ընդամենը մի կարճ ժամանակահատված, երբ 2009 թվականին Ցյուրիխում ստորագրվեցին հայ– թուրքական հայտնի արձանագրությունները, որոնց նկատմամբ ՀՅԴ–ն իր դժգոհությունն արտահայտեց կոալիցիայից դուրս գալով և ընդդիմադիր գործունեություն սկսելով: Այս կարճ ժամանակահատվածից հետո ՀՅԴ–ն մշտապես էլ կամ լոյալ է եղել իշխանություններին, կամ կոալիցիայի մաս կազմել, կամ էլ առնվազն համագործակցել որևէ ձևաչափով, ինչպես ներկայումս: 

«Երկիր ծիրանի»: Այս կուսակցության մասին դժվար է որևէ բան ասել, որովհետև անգամ պարզ էլ չէ՝ մենք գործ ունենք քաղաքական ուժի և քաղաքականության սուբյեկտի՞, թե՞ ինչ–որ այլ, անբացատրելի իրողության հետ, ուստի թող ներվի, սակայն «Երկիր ծիրանին» ավելի լավ է շրջանցենք: 

Վերջապես ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ՀՀՇ, «Գալա», «Ժողովրդական ուղի», «Ժառանգություն» կուսակցությունների դեպքում կրկին մենք տեսնելու են մրցակիցների, սակայն բոլորովին էլ ոչ ընդդիմության, ավելին, եթե հետևում ենք վերջին զարգացումներին, ապա ակնհայտորեն առնվազն «Ժառանգությունը» փորձում է յուրացնել հեղափոխության սոցիալական կապիտալը՝ ներկայանալով որպես ոչ միայն հեղափոխության կրող կուսակցություն, այլև ավելին՝ հեղափոխություն իրականացրած ուժ: Այս մասին են վկայում ժառանգականների հայտարարություններն ու «Ժառանգության» տեսահոլովակները, որոնցում հայտնվող իրադարձություններից ու գործիչներից «Ժառանգության» հետ կապ ունեն միայն Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը, սակայն սա այլ քննարկման թեմա է:

Վերջապես ամփոփելով պետք է արձանագրենք, որ առաջիկա ընտրություններում որպես դասական ընդդիմադիր բևեռ կարող էր հանդես գալ Հանրապետական կուսակցությունը, որը պարզապես չի մասնակցում: Իհարկե, սա զուտ կուսակցության որոշելիքն է, սակայն մյուս կողմից առանց հստակ ընդդիմադիր բևեռի անցկացվող ընտրությունները գլոբալ առումով մի շարք վտանգներ են պարունակում, որոնցից առաջինը հակակշիռների մեխանիզմի բացակայությունն է: Ի վերջո, եթե մենք նայենք անցած տասնամյակի փորձին, ապա կարող ենք նշել, որ հեղափոխության կամ իշխանափոխության պատճառներից մեկն էլ այն էր, որ Հանրապետականը կազմաքանդեց քաղաքական դաշտը՝ գրեթե ոչնչացնելով ու վարկաբեկելով բոլոր ընդդիմադիր ուժերին, ինչի արդյունքում ստեղծվեց միակուսակցական տրամաբանության մեջ գործող համակարգ: 

Այս համակարգում կային ՀՀԿ–ի հետ մրցակցող ուժեր, սակայն ռեալ հնարավորություններ ունեցող ընդդիմադիրներ, մեծ հաշվով, չկային: Արդյունքն էլ մենք բոլորս տեսանք: Ուստի այս փորձը նկատի ունենալով, առնվազն լավ կլիներ, որպեսզի Երևանի ավագանու ընտրությունները մրցակցայինից զատ, լինեին նաև բազմաբևեռ՝ հստակ հակակշռող կողմերով: Սակայն ՀՀԿ–ն, որպես ինքն իրեն ընդդիմություն հայտարարած ուժ, հրաժարվեց մասնակցել, ուստի մեզ մնում է հուսալ, որ գոնե մոտ ապագայում կձևավորվի որոշակի ընդդիմադիր առանցք, առանց որի իշխանությունը կարող է դառնալ պարզապես անարդյունավետ: Իսկ դա մենք արդեն տեսել ենք: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa Cards