Հոր դաժան սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերը ցուցմունք կտան ստի դետեկտորի միջոցով
SOCIETYՀոր դաժան սպանության համար մեղադրվող 17, 18 և 19 տարեկան քույրերը՝ Կրիստինա, Անգելինա և Մարիա Խաչատուրյանները, համաձայնել են ցուցմունք տալ ստի դետեկտորի միջոցով:
Ինչպես նշում է life.ru-ն, այս մասին հայտնել է աղջիկներից մեկի փաստաբան Յարոսլավ Պակուլինը:
«Աղջիկները պոլիգրաֆով ցուցմունք տալու համաձայնություն են տվել»,- ճեպազրույցի ժամանակ ասել է փաստաբանը:
Ավելի վաղ աղջիկները խոստովանել են, որ հորը սպանել են նրա կողմից շարունակական բնույթ կրող ստորացումների, բռնության ու դաժանության պատճառով:
Սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին՝ Մոսկվայում: Քույրերը, այլևս չդիմանալով հոր՝ իրենց նկատմամբ դաժան ու կոպիտ վերաբերմունքին, դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրան: Ձերբակալությունից հետո քույրերը խոստովանել են, որ հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց, ստորացրել ու սեռական բնույթի գործողությունների դրդել:
Աղջիկները հարցաքննության ժամանակ ընդունել են իրենց մեղքը՝ մանրամասնելով, որ հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց: Աղջիկները պատմել են, որ հայրն իրենց թույլ չէր տալիս ուսումը շարունակել: Նրանց խոսքով՝ հայրը տանն իսկական զինանոց ուներ ու անընդհատ սպառնում էր իրենց: Աղջիկների պնդմամբ՝ հայրն ուզում էր, որ իրենք անընդհատ իր կողքին լինեին ու իրենց փաստացի օգտագործում էր տնային ստրուկների պես:
Հարևաններն ու աղջիկների ընկերները պատմել են, որ հայրն իրեն պահում էր իսկական բռնապետի պես, հաճախ էր ցասման նոպաներ ունենում: Հատկանշական է, որ բոլոր հարցվածները քույրերի մասին միայն դրական բաներ են պատմել՝ նրանց բնութագրելով որպես համեստ, բարեհամբույր և հաշտ քույրեր: Աղջիկներից մեկի ծանոթի պատմելով՝ քույրերը երբեք միայնակ տնից դուրս չէին գալիս: Հայրը նրանց կարող էր ծեծել ամենաչնչին բանի համար:




