Տուլայում վթարի ենթարկված ավտոբուսի ուղեւորները ժամը 16:00-ի թռիչքով կվերադառնան հայրենիք
SOCIETYՎթարի ենթարկված Մոսկվա-Երեւան ավտոբուսի ուղեւորները Մոսկվայի ժամանակով ժամը 16:00-ին կվերադառնան հայրենիք: Հայաստան կտեղափոխվեն ինչպես ուղեւորներն ու զոհերի մարմինները, այնպես էլ ուղեւորների հարազատները, ովքեր ցանկություն են հայտնել նրանց ուղեկցել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մամուլի խոսնակ Լեւոն Թորգոմյանն ասաց, որ դեսպանատունն ամեն ինչ անում է ուղեւորներին շուտափույթ եւ ապահով կերպով հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:
«Շարասյունով մենք հիմա գնում ենք օդանավակայան, որտեղից ժամը 16:00-ի թռիչքով ուղեւորները եւ զոհերի մարմինները կտեղափոխվեն Երեւան: Ուղեւորների հարազատները կուղեկցեն նրանց: Այսօր հիվանդանոցից դուրս գրվածներին ուղղաթիռով են տեղափոխել»,- ասաց Թորգոմյանը:
Երկու հիվանդանոցներում ներկա դրությամբ գտնվում է 12 տուժած ուղեւոր: Նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: Ուղեւորներից 6-ը դեռեւս գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Նոյեմբերի 3-ին ժամը 04.44-ին, ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03.08-ինՄ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի շրջանի Իլյինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, տուժել է ևս 43-ը:



