Հենց ջուր քաշեցինք, ուրախացած վաճառեցինք ջուր կրող կենդանիներին, հիմա ո՞նց անենք. Զորականում խմելու ջուր չկա
SOCIETYՏավուշի մարզի Զորական գյուղում մարդիկ շաբաթներով զրկված են լինում ջրից: Այս մասին NEWS.am-ի խմբագրությանն ուղղված նամակում հայտնում են գյուղի բնակիչները:
«Տավուշի մարզի Զորական համայնքը տարիներ ի վեր ունեցել է խմելու ջրի խնդիր: Բոլորովին վերջերս միայն գյուղացիները լուծեցին ջրագծերի խնդիրը, որոշ ժամանակ կար գյուղին բավարարող ջրամատակարարում: Ամառային սեզոնին, երբ Նոյեմբերյանի տարածաշրջանում դիտվում է մինչև 40-ի հասնող ջերմաստիճան, Զորականում մարդիկ շաբաթներով զրկված են լինում ջրից: Պատճառը Այրումի և Ալավերդու տարածաշրջանում եղած այգիներն են, որոնք ոռոգվում են խմելու ջրով: Գյուղացիների պահանջը հստակ է՝ տրամաբանական հաճախականությամբ մեզ ջուր տրամադրեք: Մարդիկ դժգոհում են. «Տարիներ շարունակ ջուր ենք բերել էշերով և ձիերով, հենց ջուր քաշեցինք, ուրախացած վաճառեցինք ջուր կրող կենդանիներին, հիմա ո՞նց անենք, ինչպե՞ս ապրենք, այսպես այլևս անհնար է»: Ակնկալում ենք Ձեր ուշադրությունը այս հարցին»,- գրված է նամակում:
Զորականի վարչական շրջանի ղեկավար Սուրեն Մարտիրոսյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ վերջին շրջանում խմելու ջուր գրեթե չի ունենում գյուղը. «Գիշերվա մի քանի ժամ են տալիս, մարդիկ ստիպված գիշերը չեն քնում, սպասում են, որ ջուր հավաքեն, հետո օգտագործեն: Խնդրի պատճառով ամբողջ օրը կռիվների մեջ ենք, 2 ծորակ կա, մարդիկ ժամերով հերթ են կանգնում, որ գոնե մի քիչ ջուր տանեն տուն»:
Վարչական շրջանի ղեկավար նշեց, որ հարակից մի քանի գյուղերում էլ կա այս խնդիրը, իրենք բարձրաձայնել են, սակայն դեռ լուծում չկա:



