Մոսկվայում Երևան ուղևորվող երկու ավտոբուս է կանգնեցվել
SOCIETYՄոսկվայի պետավտոտեսչությունը կանգնեցրել է դեպի Երևան ուղևորվող երկու մարդատար ավտոբուս, որոնք լուրջ խնդիրներ են ունեցել արգելակների և ղեկի հետ կապված: Վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հ այտնել է ՌԴ ներքին գործերի նախարարության Մոսկվայի բաժնի մամուլի պատասխանատու Անդրեյ Գալիակբերովը:
«Այսօր օպերատիվ-պրոֆիլակտիկ միջոցառումների շրջանակում ոստիկանությունը կանգնեցրել է ուղևորներով լի երկու ավտոբուս, որոնք ուղևորվում էին Երևան: Ստուգումների արդյունքում հայտնի է դարձել, որ դրանք տեխնիկական լուրջ խնդիրներ են ունեցել՝ կապված ղեկի և արգելակման համակարգերի հետ, ինչպես նաև փոփոխություններ էին արված ավտոբուսների գործարանային կառուցվածքում»,- հայտնել է Գալիակբերովը:
Բացի այդ, հայտնի է դարձել, որ վարորդներն ուղևորափոխադրումներ են իրականացրել առանց համապատասխան արտոնագրի և անվտանգության պահանջների կոպիտ խախտումներով: Ներկայում երկու ավտոբուսն էլ տեղափոխվել են հատուկ կայանատեղի, իսկ վարորդները տարվել են ներքին գործերի նախարարության Ցարիցինո շրջանի բաժանմունք: Քննարկվում է մեղավորներին օրենքով պատասխանատվության ենթարկելու հարցը:
«Արմենպրես»-ը փորձում է ճշտել, թե կոնկրետ ինչ խնդիրներ են ունեցել ավտոբուսները և ինչպես է դասավորվել ուղևորների հետագա ճակատագիրը:



