Տեխասում ոստիկաններին հաջողվել է վերադարձնել օվկիանարիումից առևանգված մեկուկես մետրանոց շնաձկանը
INTERNATIONAL NEWSԱՄՆ Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքի օվկիանարիումից առևանգվել էր մոտ մեկուկես մետր երկարությամբ շնաձուկ, այս մասին հայտնում է KSAT12 հեռուստաալիքը։
Հայտնի է, որ ոստիկաններին հաջողվել է գտնել ու վերադարձնել կենդանուն։
Ըստ իրավապահների հայտնած տեղեկության՝ շնաձկան առևանգմանը մասնակցել են երկու տղամարդ և մեկ կին։ Նրանցից մեկը դուրս է հանել կենդանուն՝ քաշելով նրա պոչից, այնուհետև նրան փաթաթել են թաց ծածկոցի մեջ, դրել դույլն ու պառկեցրել մանկական սայլակի մեջ։
Այնուհետև հանցագործները փորձել են թաքցնել շնաձկանը՝ նրան որպես սայլակում քնած երեխա ներկայացնելով։ Երբ օվկիանարիումի աշխատակիցներից մեկը փորձել է ստուգել մեքենան կայանատեղիի տարածքում, հանցագործները խնդրել են նրան հեռանալ՝ պնդելով, որ «որդին» հիվանդ է։
Ոստիկաններին հաջողվել է հետևել հանցախմբի անդամներից մեկին, որը խոստովանել է հանցանքը։ Իրավապահները վերադարձրել են շնաձկանը, մասնագետները, սակայն, մտահոգ են նրա առողջության համար, քանի որ հանցագործները շնաձկանը պահել են դույլի մեջ, որում ավելի վաղ ախտահանիչ նյութ է եղել։



