Անգաղափար…«Փաստ»
POLITICS
Գուցե հետհեղափոխական տրամադրությունների ազդեցության տակ կամ էլ պարզապես հարմար առիթից օգտվելով կրկին սկսեցին գլուխ բարձրացնել տարբեր գաղափարախոսական ու քարոզչական թեմաներ` ազգայնականություն, կոսմոպոլիտիզմ, աղանդներ և այլն:
Առաջին հայացքից թվում է, թե դրա պատճառն ընդամենը տարերայնությունն է, սակայն խորքում հիմքերն ավելի բարդ են:
Մեծ հաշվով ԽՍՀՄ փլուզումից հետո այդպես էլ չձևակերպվեց Հայաստանի ազգային–պետական գաղափարախոսություն և հայեցակարգ, ի դեպ` այստեղ պետք է նշենք, որ խոսքը բոլորովին էլ ազգայնականության մասին չէ և չի էլ կարող լինել: Հայաստանյան տարբեր վարչակարգեր այդպես էլ հստակ սկզբունքներ չձևակերպեցին այս խնդրի շուրջ, ավելին` որոշ դեպքերում ազգայինը հայտարարվում էր կեղծ կատեգորիա, իսկ որոշ դեպքերում էլ ազգային– պետականի փոխարեն կիսատ–պռատ ազգայնական գաղափարախոսության պատառիկներով փորձ էր արվում ստանալ պետական գաղափարախոսություն:
Թերևս հենց այս գաղափարախոսական դեգերումների արդյունքում, այսօր մենք ունենք տարատեսակ ծայրահեղական դրսևորումներ այնպիսի արմատական հարցերի շուրջ, ինչպիսին է Եկեղեցին կամ գուցե ավելի ճիշտ կլինի ասել հավատը, հայրենասիրությունը, բանակը, ազգային դիմագիծը: Այս բոլոր հիմնաքարային օղակներում առկա են ծայրահեղ դրսևորումներ. մի կողմից` հավատը, Եկեղեցին ներկայացվում են որպես հետադիմության ու պահպանողականության օջախ, չնայած որ Արևմտյան բազմաթիվ զարգացած հասարակություններ շատ ավելի կրոնականացված կենցաղ ունեն, քան մենք: Մյուս կողմից` հայրենասիրություն, հայրենիք գաղափարներն այնքան են շահարկվում` միմյանց հակասող կողմերի միջև, որ կորցնում են իրենց բովանդակությունը: Պաթոսի հսկայական չափաբաժինը, որը վերջին օրերին դրսևորվեց մեդիահարթակներում, ուղղակի ոչնչացնող էր, սակայն սրա դեմ էլ նույն չափաբաժնով պաթոսային կոսմոպոլիտիզմ էր հորդում, արդյունքում կորչում էր սթափությունը մի կողմից և առողջ քննախոսության հարթակը մյուս կողմից:
Ըստ էության հենց այս խորքային խնդիրներն են ավելի շատ պատճառ դառնում տարբեր տեսակի տաբու թեմաների առկայության և դրանց շուրջ առողջ խոսակցության անհնարինության համար:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



