Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Սահմանին որևիցե ապակառուցողական դրսևորում արժանանալու է կտրուկ և սթափեցնող պատասխանի. Դ. Տոնոյանը ներկայացրել է ԶՈՒ առաջնահերթությունները

SOCIETY

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ժամանակավոր, համաձայնության կառավարության ծրագրի մտահղացման շրջանակներում պաշտպանության համակարգի զարգացման վերաբերյալ տեսլականում ներկայացնում է պաշտպանության ոլորտի և Զինված ուժերի զարգացման առաջնահերթությունները:

Առաջնահերթություն 1.

Զինված ուժերի համալրումը անհրաժեշտ քանակի և ժամանակակից սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և նյութատեխնիկական միջոցներով, ռազմական կառավարման արդիական սկզբունքների և համակարգերի ներդրումը և անձնակազմի մարտական վարպետության բարձրացման նոր չափանիշների սահմանումը: Այստեղ մեր վերջնանպատակն է բանակի մարտունակության մակարդակի համապատասխանեցումը ռազմական սպառնալիքների մակարդակին և հավանական պատերազմի բնույթին՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ զինված ոտնձգությունը զսպելու և կանխելու, իսկ պատերազմի ժամանակ՝ ռազմական գործողությունները հնարավորինս վաղ փուլում և ՀՀ համար շահավետ պայմաններով դադարեցնելու համար անհրաժեշտ կարողությունների ձևավորմամբ:

 Մեր թիվ մեկ խնդիրն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար բարենպաստ ռազմական պայմանների ստեղծումը: Մենք թույլ չենք տալու, որ հակամարտության կարգավորման գործընթացում, ինչքան էլ այն երկարաձգվի, հակառակորդը մեզ հետ խոսի ուժի դիրքերից և հետամտի առավելապաշտական նպատակներ: Սահմանին որևիցե այսպես ասած ապակառուցողական դրսևորում` լինի դա դիվերսիոն ներթափանցումների, դիպուկահար կրակի, դիրքային փոփոխությունների և լայնածավալ հարձակման համար ուժերի կուտակումների տեսքով, արժանանալու է կտրուկ և սթափեցնող պատասխանի: Դա անելու համար մենք շարունակելու ենք հետևողականորեն զարգացնել զինված ուժերի մարտական կարողությունները, հակառակորդի նկատմամբ ճիշտ պահին, ճիշտ տեղում և ճիշտ ձևաչափով անհրաժեշտ ազդեցության ներուժը պահպանելու և էլ ավելի զարգացնելու համար: Խնդիրներն արդեն առաջադրված են, կարողությունները՝ ձևավորված, և մենք աշխատում ենք դրանք էլ ավելի հզորացնելու ուղղությամբ:


Զինված ուժերի երկարաժամկետ արդիականացման գործընթացը ներառելու է ռազմական հզորության բոլոր ոլորտները՝ առաջնագծում մարտական հերթապահությունից, հեռահար միջոցներով զսպումից, մարտական պատրաստությունից սկսած և վերջացրած ռազմական կառավարման համակարգով, մարտ վարելու նոր եղանակներով և կրթությամբ: Անշուշտ, առանցքային նշանակություն ունի զինված ուժերի զինանոցի համալրումը արդիական սպառազինությամբ, և այս գործում մեր աշխատանքներն իրականացնելու ենք ինչպես դաշնակից ու գործընկեր պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության իրականացման, այնպես էլ՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման շրջանակներում: Մեր վարած ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերական քաղաքականությունը նախ մտասևեռված է զինված ուժերի հարվածային և կրակային խոցման հեռավորության, ճշգրտության և արդյունավետության ավելացման վրա, որի համար նախատեսվում է շարունակել բանակի զինանոցի համալրումը գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածի, հրետանային խոցման և հակաօդային պաշտպանության ժամանակակից զինատեսակներով, ինչպես նաև առաջնահերթ բազմաֆունկցիոնալ ավիացիայով:

Գերակա խնդիր է նաև Զինված ուժերի կառավարման համակարգի և կառավարման մշակույթի արդիականացումը: Այդ համակարգը պետք է ունենա ժամանակակից ռազմական գործողություններ վարելու համար բավարար օպերատիվություն, կենսունակություն, շարժունակություն և տեխնոլոգիական հագեցվածություն: Այս խնդրի կատարման համար, բացի տեխնիկական լուծումներից, շարունակվելու է նախաձեռնողականության, արագ կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու և դրանցով գործելու խթանմանը միտված «Հրամանատարում առաջադրանքի միջոցով» կառավարման ու ղեկավարման սկզբունքի ներդրումը: Այս սկզբունքի էությունը հետևյալն է. տուր ենթականերիդ անհրաժեշտ ռեսուրսներ, ուժեր և միջոցներ, խելամիտ ուղղորդում և վստահություն, և կտեսնես, որ տեղում նրանք կգտնեն ավելի լավ լուծումներ և ամենակարևորը՝ կիրականացնեն դրանք ավելի օպերատիվ կերպով, քան եթե դու փորձես որոշել բոլորի փոխարեն, միաժամանակ չտեսնելով յուրաքանչյուր առանձին հրամանատարի պատասխանատվության գոտում ծագած իրավիճակի առանձնահատկությունները:

Ոչ պակաս կարևոր է ռազմական գործողությունների վարման ձևերի ու եղանակների, այսինքն՝ ռազմարվեստի արդիականացումը և ապակենտրոնացված ու տարատեղված գործողություններ վարելու կարո­ղությունների ձևավորումը` զինված ուժերի պատրաստությունը հավանական պատերազմի բնույթին համապատասխանեցնելու, որոշումների կայացման և գործողությունների իրականացման փուլերում հակառակորդի նկատմամբ առաջանցում ապահովելու նպատակով:

Եվ իհարկե, առաջնահերթ նշանակություն ունի ռազմարդյունաբերական համալիրում ներդրումների խթանման և համատեղ ձեռնարկությունների ստեղծման քաղաքականության վարումը՝ հարկային և վարչարարական ընթացակարգերի բարե­լավ­ման, օտարերկրյա ներդրումների ներգրավման և հանրային, մասնավոր ու միջազ­գա­յին կոոպերացիայի սկզբունքով համատեղ ձեռնարկությունների ստեղծման միջոցով: Պաշտպանության նախարարությունը խթանելու է համապատասխան արտադրական կարողությունների ստեղծումը, գիտահետա­զոտական և կիրառական գիտության զարգացումը և գիտատեխնիկական մասնագիտական ներուժի ավելացումը՝ սպառազինության ու ռազմական տեխնիկայի մշակմանը, արտադրությանը, շահագործմանը, նորոգմանն ու արդիականացմանն ուղղված պետական պաշտպանական պատ­վերի՝ սեղմ ժամկետներում կատարումն ապահովելու նպատակով:

 Առաջնահերթություն 2.


Հակառակորդի հետ անմիջական շփման բնագծերի շարունակաբար համալրումը արդիական տեխնիկական միջոցներով և մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացումը: Մենք պետք է առավելագույնի հասցնենք մի կողմից՝ հակառակորդի դիպուկահար կրակի, դիվերսիոն ներթափանցման և հարձակման նախապատրաստման փորձերի բացահայտման, հավաստանշման, թիրախորոշման և կրակային խոցման կարողությունները և մյուս կողմից՝ յուրային անձնակազմի քողարկման, պատսպարման և պաշտպանվածության աստիճանը:

Այս համատեքստում գերակա խնդիր է մարտական հերթապահության կրման պայմանների կատարելագործումը և անձնակազմի անվտանգության աստիճանի բարձրացումը: Պետք է աստիճանաբար քայլեր ձեռնարկենք առաջնագծում մեր կողմից կիրառվող ստատիկ պաշտպանությունը տեսադիտարկման և այլ հետախուզական սարքավորումներով և հեռակառավարվող խոցման միջոցներով հագեցած տարաշարժուն-ճկուն պաշտպանությամբ փոխարինելու ուղղությամբ: Պաշտպանության այս տեսակի միջոցով զգալիորեն կնվազի անձնակազմի՝ հակառակորդի նշանառու կրակի տակ գտնվելը, կբարձրանա անձնակազմի պաշտպանվածության և դիմակայունության աստիճանը և կավելանա հակառակորդի դիվերսիոն խմբերի դարանակալման և ոչնչացման հավանականությունը: Այս նպատակով, ի թիվս այլ ուժերի և միջոցների, ստեղծվում են հակառակորդի օպերատիվ դասավորության ամբողջ խորությամբ և ռազմավարական մակարդակում նրա մտահղացումների վաղ հայտնաբերմանն ուղղված զորային, տեխնիկական ու գործակալական հետախուզական և վերլուծական կարողություններ:

Առաջնահերթություն 3.

Անձնակազմի հետ տարվող աշխատանքների որակի և արդյունավետության Էական բարձրացումը: Այստեղ մեր վերջնանպատակն է Զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածության մակարդակի ու կարգապահության ամրապնդումը, բանակում մարդու իրավունքների պաշտպանության ապահովումը, ոչ կանոնագրային հարաբերությունները նվազագույնի հասցնելը, զինծառայողների արժանապատվության խոցման դեպքերի, ինքնավնասման և ինքնասպանության փորձերի առավելագույնս կասեցումը։

Մեր գերակա խնդիրն է զինված ուժերում մարդու իրավունքների ապահովումը երաշխավորելու նպատակով իրականացնել զինծառայողների իրազեկվածության և իրավագիտակցության բարձրացման, թափանցիկության ընդլայնման և ծառայողական քննությունների պարզեցման աշխատանքներ:

Առաջնահերթություն 4.

Զինծառայողների կրթության շարունակականության ապահովումը զինվորական ծառայության ողջ ընթացքում։ Մենք պետք է հետևողական աշխատանքներ տանենք զինծառայողի կրթական ցենզի բարձրացման և ինտելեկտուալ մակարդակի աճի ուղղությամբ՝ որպես Զինված ուժերի զարգացման ռազմավարության կարևորագույն ուղղություն։

Մեր վերջնական նպատակն է բանակում արհեստավարժության և բարոյականության նոր չափանիշների ձևավորումը` հմուտ, պատվախնդիր ու առաջնորդ սպայական կազմով և վարժված, կրթված, շարժառիթավորված ու մարտունակ զինվորներով, որի համար ձեռնարկելու ենք քայլեր Զինված ուժերի մասնագիտական ինքնությունը և վարկանիշը ամրապնդելու ուղղությամբ, ընդհուպ` մինչև ազգային արժեքները խորհրդանշող նոր համազգեստի ներմուծումը:   

Կրթությունը անքակտելիորեն կապված է անձնակազմի կառավարման հետ: Պաշտպանության համակարգում ընթացող կադրային փոփոխությունները իրականացվելու են պետական կառավարման և քաղաքացիական հանրության կարող ուժերը ներգրավելու և առկա պրոֆեսիոնալ ռեսուրսը լավագույնս օգտագործելու փոխլրացնող ուղղություններով: Պաշտպանության նախարարության ղեկավարությունը կյանքի է կոչելու արժանիքների վրա հիմնված ծառայողական առաջխաղացման քաղաքականություն, ավելի ու ավելի պատասխանատու պաշտոններ վստահելով ուժեղ բնավորություն, առաջնորդական որակներ, մասնագիտական խորագիտակություն և առաքելության նկատմամբ հանձնառություն ունեցող պրոֆեսիոնալ զինվորականներին և աշխատակիցներին:

Առաջնահերթություն 5.

Զինծառայողների պատշաճ և ամբողջական նյութական բավարարումը: Մենք պետք է երաշխավորենք բոլոր կարգի զինծառայողների իրավունքների պաշտպանվածության, թիկունքային, նյութատեխնիկական և բժշկական պատշաճ ապահովումը՝ որպես Զինված ուժերի ղեկավարության, պետական ու հասարակական վերահսկողության ու հոգածության առարկա:

Մեր խնդիրն է զինծառայողներին հատկացվող իրային միջոցների՝ համազգեստի, ներքնազգեստի, հիգիենայի ապահովման պարագաների որակական և քանակական ցուցանիշների, ինչպես նաև սննդակարգի բարելավումը: Այս ուղղությամբ առաջիկայում պաշտպանության նախարարությունում կմշակվի համապատասխան չափորոշիչների բարելավման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ և կներկայացվի ՀՀ կառավարություն: Պետք է աշխատենք նաև մի շարք ապահովման ծառայություններ օտարելու ուղղությամբ` հիմքում ունենալով դրանց որակի կտրուկ բարձրացումը և կոռուպցիոն երևույթների բացառումը:

Առաջնահերթություն 6.

Զինծառայողների սոցիալական պաշտպանվածության մակարդակի բարձրացումը, բնակարանային, բժշկական ապահովման և այլ ծրագրերի իրականացումը։ Բանակի բարոյահոգեբանական պատրաստվածությունը չի լինի բարձր մակարդակի վրա, եթե զինծառայողների համար չլինեն պատշաճ սոցիալական ապահովման պայմաններ` սկսած արժանավայել դրամական բավարարումից, հանգստի ու ժամանցի պայմաններից և վերջացրած բուժապահովմամբ: Իհարկե, ինչպես արդեն նշվել է, պետության տնտեսական ներուժի համեմատ մեծաքանակ բանակ ունենալու հանգամանքը ինքնին առաջ է բերում ֆինանսական սահմանափակումներ, սակայն խելամիտ լուծումների, «վատնող արտահոսքը» կասեցնելու և գործառույթներն ավելի օպտիմալ բաշխելու միջոցով պաշտպանության նախարարությունում անելու ենք ամեն ինչ զինծառայողի կենսապայմանները և նրա հոգևոր գոհունակությունը բարելավելու համար:

Պաշտպանության նախարարության գերակա խնդիրն է ծառայության մեջ գտնվող և նախկին զինծառայողների ու քաղ­ծառայողների, զինվորական հաշմանդամների, զոհված և անհայտ կորած զինծա­ռա­յողների ընտանիքների անդամների համընդգրկուն սոցիալական ապահովման ծրագրերի իրականացումը, զինծառայողների բժշկական ապահովման համակարգի վերափոխումը` առաջին բուժօգնության ցուցաբերումից և մարտի դաշտից տարհանումից մինչև հոսպիտալային օղակում որակյալ բուժում ստանալը: Այս համատեքստում արդեն իսկ ավարտական տեսքի է բերվում արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման «Մատչելի բնակարան զինծառայողին» պետական աջակցության նպատակային ծրագիրը, որը բեկումնային լուծում կապահովի բոլոր զինծառայողների (առանց տարիքային սահմանափակումների) սոցիալական պաշտպանվածության ոլորտի այս կարևոր հիմնախնդրին: Եվ իհարկե, աչքաթող չի արվում պաշտպանության ոլորտի անձնակազմի դրամական բավարարման մակարդակը բարձրացնելու հարցը, որին լուծում կտրվի Հայաստանում տնտեսական աճի և պետական բյուջեի եկամտային մասի ավելացմանը զուգընթաց:

Առաջնահերթություն 6.

Միջազգային ինտեգրման և հավաքական անվտանգության գործող ընթացակարգերի հնարավորությունների ընդլայնումը: Այս նպատակի վերջնարդյունքն է ռազմաքաղաքական դաշինքների և գործընկերությունների զարգացումը՝ պահպանելով ՀՀ ազգային շահերից բխող և առկա ռազմաքաղաքական ընդհանրությունների վրա հիմնված հարաբերությունների ձևավորման հավասարակշռությունը:

Մենք մեր հակառակորդի հետ չենք գտնվում քաղաքական վակուումում, այլ շրջապատված ենք տարատեսակ, երբեմն հակադիր օրակարգեր ունեցող պետությունների և միջազգային կազմակերպությունների հանրույթով: Նրանից, թե որքանով ճիշտ կկարողանանք նավարկել միջազգային հարաբերությունների այս հորձանուտով, կախված է արտաքին անվտանգության հարցերում ՀՀ շահերից բխող դիրքորոշումների ձևավորման, մեր բարեփոխումներին աջակցության, մեր բանակի հեղինակության ամրապնդման հաջողությունը:

Մեր գերակա խնդիրն է դաշնակցային և գործընկերային պաշտպանական համագործակցությունը զարգացնելու, բովանդակային և աշխարհագրական պատկերը բազմազանեցնելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, միջազգային համագործակցության նպատակաուղղումը բազմակողմ և երկկողմ հարթությունում ռազմաքաղաքական հարաբերությունների, ռազմական և ռազմատեխ­նի­կական համագործակցության ու փոխգործունակության ամրապնդման բաղադրիչ­ների զարգացմանը:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League