Վերին Լարսը հատել է 175 բեռնատար, մինչև առավոտ կանցնեն ևս 200-ը․ մաքսակետն աշխատում է արագացված ռեժիմով
SOCIETY
Վերին Լարս անցակետում ավտոմեքենաների կուտակումների հետ կապված տեղեկատվությունը ստանալուց հետո Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն անմիջապես կապ են հաստատել տեղի իշխանությունների հետ՝ պարզելու խնդրի հետ կապված մանրամասներ։ Այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
«Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակիցները րոպեներ առաջ գտնվում էին վրաց-ռուսական սահմանի Ստեփանծմինդա-Լարս անցակետին հարող տարածքում, որտեղ հանդիպել են այնտեղ կայանած հայ վարորդներին և անցակետի վրացական հատվածի ղեկավարության հետ։ Վարորդները տեղեկացրել են, որ արդեն երկու օր է սահմանից 20 կմ հեռավորության վրա գտնվող Սնո գյուղում գործում է բեռնատարների համար նախատեսված հավաքատեղի (տերմինալ), որի բացումն ըստ վարորդների՝ ճիշտ քայլ է, քանի որ տերմինալում ստեղծված են բոլոր հարմարավետ պայմանները (բուֆետ, պետքարան, լոգարան և այլն), որպեսզի նրանք սպասեն սահմանը հատելու իրենց հերթին։ Մինչ տերմինալի բացումը նրանք խցանման մեջ էին սպասում իրենց հերթին, որն, ըստ վարորդների, նաև որոշակի վտանգներ էր պարունակում»,- ասաց Բալայանը։
«Մաքսակետն աշխատում է արագացված ռեժիմով։ Ռուսական կողմը նաև տեղեկացրեց, որ մաքսակետի ծանրաբեռնվածությունը պայմանավորված է զբոսաշրջային ամենաթեժ շրջանը լինելու հանգամանքով»,- հավելեց նա։
Լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, որ Լարսի անցակետում մոտ 1500 հայկական բեռնատար է կուտակվել, որոնք բեռնված են գյուղմթերքով:
Համացանցում բեռնատարի վարորդներից մեկը տեսանյութ է հրապարակել, որտեղ ասում է, որ վարորդներից շատերը արդեն 7 օր է անցակետում են




