«Կալաշնիկով». խորհրդային ավտոմատ Շմայսերական ակունքներով
SOCIETYՀանրահայտ Կալաշնիկովի ավտոմատը (7,62 մմ–ոց АК–47) ստեղծել է ռուս հայտնի զինագործ Միխայիլ Տիմոֆեևվիչ Կալաշնիկովը 1947 թվականին Իժևսկում գտնվող «Իժմաշ» կոնստրուկտորական բյուրոյում:
Իրականում այնքան էլ այդպես չէ : Պատմությունն այսպիսին է: Ամեն ինչ սկսվում է 1943 թվականի ամռանը ԽՍՀՄ պաշտպանության ժողկոմիսարիատում կայացած տեխնիկական խորհրդի նիստից, որտեղ որպես ռազմավար վերցված գերմանական MKb.42(H) ( StG–44–ի նախատիպը) փորձնական ավտոմատի ուսումնասիրության արդյունքում որոշվում է ստեղծել սեփական ավտոմատը: Անհրաժեշտ գծագրերը և տեխնիկական տվյալները ուղարկվում են այն բոլոր կազմակերպություններ, որոնք զբաղվում են հրաձգային զենքի նախագծմամբ և արտադրությամբ, հրահանգով՝ ստեղծել սեփականը: Արդյունքում տարիների ընթացքում մի շարք կոնստրուկտորների կողմից (նաև Կալաշնիկովի) ներկայացվում են զենքի նախագծեր, որոնք չեն ընդունվում :
Մինչ ԽՍՀՄ–ում կստեղծեն սեփական ավտոմատը, գերմանացիները նրանցից առաջ են անցնում: Փորձնական MKb.42(H) ավտոմատի հիմքի վրա նրանք 1944 թվականից սկսում են StG 44 ավտոմատի զանգվածային արտադրություն (արտադրվել է 450 000 հատ): Այս զենքի կոնստրուկտորը Հյուգո Շմայսերն էր: Զենքը արտադրվում էր Զուլ քաղաքի՝ Շմայսերին պատկանող «Հենկել» գործարանում: 1945–ի օգոստոսին խորհրդային զորքերը գրավում են Զուլը: 1946 թվականի հոկտեմբերին 50 հատ նոր արտադրված StG 44 ավտոմատ ապամոնտաժվում է, հավաքվում են 10785 թերթ տեխնիկական գծագրեր պարունակող նյութեր, և Հյուգո Շմայսերի ու այլ գիտնականների հետ ուղարկվում են Իժևսկ՝ «Իժմաշ» կոնստրուկտորական բյուրո: Այստեղ էլ հենց հաջորդ տարի ծնվում է «Կալաշնիկով» ավտոմատը: Նշենք, որ Միխայիլ Կալաշնիկովը աշխատում էր այդտեղ: Համարվում է, որ «Իժմաշը» ավտոմատի նկատմամբ ունի հեղինակային իրավունք, որը, սակայն, ոչ մի ձևով փաստաթղթավորված չէ: Հեղինակային իրավունքի մասին որևէ փաստաթուղթ չունի նաև Կալաշնիկովը:
«Կալաշնիկովը» հաջողված ավտոմատ է: 60 տարվա ընթացքում արտադրվել է տարբեր մոդիֆիկացիաների մոտ 70 միլիոն միավոր զենք: Հաշվվում է, որ ամբողջ աշխարհի հրաձգային զենքերի 1/5–րդը «Կալաշնիկով» է: Աշխարհի երկրներից 50–ի բանակի տաբելային զենքը հենց այս ավտոմատն է: Այս զենքի՝ ռազմական իրավիճակում զանգվածային օգտագործման առաջին դեպքը եղել է 1956 թվականին՝ խորհրդային բանակի կողմից Հունգարիայում ապստամբության ճնշումը:
Մոսկվայի Զինագործների փողոցի վրա կանգնեցված է Միխայիլ Տիմոֆեևվիչ Կալաշնիկովի արձանը: 2017 թվականին զենքի որոշ ուշադիր մասնագետներ հանկարծ հայտնաբերեցին, որ արձանի վրա պատկերված «Կալաշնիկով» ավտոմատի գծագիրը իրականում Շմայսերի կողմից ստեղծված StG–44 ավտոմատինն է: Բայց այն այդպես էլ մնաց իր տեղում՝ ի տարբերություն «հայկական» «Շմայսերի», որը գրեթե համանուն պատգամավորի կողմից հանձնվեց իրավապահներին՝ շնորհքով ներխուժումից հետո հիշողության կտրուկ լավացման արդյունքում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը



