Չեխիայի կարդինալն այցելել է Մայր Աթոռ
SOCIETYՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը նոյեմբերի 4-ին ընդունել է հայրապետական հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած Նորին Սրբազնություն Չեխիայի կարդինալ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Դուկային` ուղեկցությամբ Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանի և Չեխիայի հայոց հոգևոր հովիվ ՀÕ �գեշնորհ Տ. Բարսեղ վարդապետ Փիլավչյանի:
Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանը Ամենայն Հայոց կաթողիկոսն անդրադարձել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Վատիկանի միջև առկա սերտ հարաբերություններին ու գործակցությանը և վստահություն հայտնել, որ կարդինալի այցը նորովի կզորացնի Հայ առաքելական և Չեխիայի կաթոլիկ եկեղեցիների կապերը: Հայոց Հովվապետը նաև իր գնահատանքն է հայտնել Նորին Սրբազնություն կարդինալ Դոմինիկ Դուկային Չեխիայի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար` գոհունակությամբ նշելով այն փա ստը, որ վերջինիս աջակցության շնորհիվ վերջերս Չեխիայի հայ համայնքին Պրահայում եկեղեցի է տրամադրվել, ինչը մեծ օգտակարություն կունենա չեխահայության հոգևոր կյանքի կազմակերպման համար:
Իր հերթին Նորին Սրբազնությունը հրավերի համար շնորհակալություն է հայտնել Նորին Սրբությանը` ուրախություն հայտնելով հայ ժողովրդի հոգևոր ժառանգությանը ծանոթանալու հնարավորության համար: Իր խոսքում կարդինալն ընդգծել է Հայ եկեղեցու կարևոր դերակատարությունն ու ստանձնած առաքելությունը` ասելով, որ Հայ եկեղեցին ուղղափառ եկեղեցիների ընտանիքը համախմբող յուրահատուկ կամուրջ է:
Կարդինալ Դուկան խոսել է նաև Չեխիայի հայ համայնքի մասին` նշելով, որ Չեխիայի հայերն իրենց հասարակության կարևոր մասն են կազմում: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում և Չեխիայում հոգևոր կյանքին և առկա մարտահրավերներին:
Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանը:



