Երևանի Մալաթիա թաղամասում հրազենային վնասվածք է ստացել 38-ամյա մի տղամարդ
SOCIETYՈստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հունիսի լույս 26-ի գիշերը՝ 0 ժամ 15-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ Շահումյան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքում վիճաբանություն է տեղի ունենում և կրակոցներ են հնչում։ Ահազանգ է ստացվել նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնից, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Շահումյան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում ապրող 38-ամյա մի տղամարդ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, դեպքի վայր մեկնած ոստիկանության մի շարք սորաբաժանումների ծառայողներ պարզել են, որ Շահումյան 4-րդ փողոցում վեճ է տեղի ունեցել հարևանների միջև։
Նախնական տվյալներով՝ վեճի ընթացքում Հրաչյա Գուլակյանը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, եղբոր հրացանով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով էլ 38-ամյա տղամարդը մարմնական վնասվածք է ստացել։
Քրեական հետախույզները 24-ամյա Գուլակյանին հայտնաբերել և բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։
Հայտնաբերվել և առգրավվել է նաև որսորդական հրացան, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է։
Դեպքի վայրի հարևանությամբ հայտնաբերվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի վրա արնանման հետքեր կան։ «Մերսեդեսը» բախվել էր տներից մեկի պարսպին։ Դեպքի հետ վթարի առնչությունը դեռևս պարզվում է։
Կատարվածի մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկում։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



