Արցախում ականի պայթյունից վիրավորված Նարեկին ՊՆ փոխհատուցում է տրամադրել
SOCIETYNEWS.am-ը գրում է.
Արցախի զորամասերից մեկում նախորդ տարվա նոյեմբերի 21-ին ականի պայթյունից վիրավորված Նարեկ Հովեյանին 10 միլիոն դրամի ֆինանսական փոխհատուցում են տրամադրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նարեկի մայրը` Սեդա Ղարիբյանը:
«Մայիսի 18-ին է փոխհատուցում տրամադրվել, նաեւ ամսական 200 հազար դրամ թոշակ են տրամադրել` 20 տարի ժամկետով»,-ասաց նա:
Տիկին Սեդան հավելեց, որ Նարեկի աչքը դեռ չեն վիրահատել, սպասում են, որ աչքում հավաքված արյունը մաքրվի, որպեսզի վիրահատությունը իրականացվի:
Նշենք, որ մինչեւ այս փոխհատուցումը պաշտպանության նախարարությունը ոչ մի անգամ չի հետաքրքրվել Նարեկի առողջական վիճակով:
Ավելի վաղ գրել էինք, որ նախորդ տարի նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) եւ Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել ականապայթյունային վիրավորում:



