ՀԵՀ տնօրենը առանձնապես խոշոր չափերով յուրացում է կատարել. Կարեն Ավագյանի դիմումի հիման վրա քրգործ է հարուցվել
SOCIETY
ՀՀ քննչական կոմիտեում մայիսի 25-ին ստացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն առ այն, որ ապրիլի 6-ին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից
Դիմումի հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր,որոնց արդյունքներով այսօր հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի քննությունն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



