Հակառակորդի գնդակից վիրավորված 85-ամյա պապիկին պետպատվեր չեն տրամադրում
SOCIETYԱռողջապահության նախարարությունը հրաժարվել է պետպատվեր տրամադրել Տավուշի մարզի Մովսես գյուղում փետրվարի 4-ին ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից վիրավորված 85-ամյա Լեւոն Անդրեասյանին: Այս մասին NEWS.am-ին ասաց Անդրեասյանի հարսը՝ Ասմարիկ Աթոյանը:
«Վիրավոր ոտքի անոթների հետ կապված խնդիր էր առաջացել, տարանք «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ պահանջեցին վճարել, քանի որ պետպատվերի թուղթ չունեինք: Հիմա պիտի 220 հազար դրամ վճարենք»,- ասաց Ասմարիկ Աթոյանը:
Անդրեասյանի հարազատները դիմել են առողջապահության նախարարությանը՝ բուժումը պետպատվերի շրջանակում իրականացնելու համար, սակայն պատասխան են ստացել, թե այդ դեպքում պետպատվեր չի հասնում:
NEWS.am- թղթակցին «Արմենիա» ԲԿ-ից հայտնեցին, որ Անդրեասյանի համար պետպատվերի հիմք չի եղել, այդ պատճառով պետք է վճարումը կատարեն:
Նշենք, որ Լեւոն Անդրեասյանը ստացել էր ծնկի եւ ոտքի ազդրոսկրի կոտրվածք: Մի քանի շաբաթ Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում բուժում ստանալուց հետո նա դուրս էր գրվել եւ մեկնել Մովսես գյուղ:
Հիշեցնենք, որ 85-ամյա ծերունուն հրազենային վնասվածքը ստացել էր փետրվարի 4-ին այգում աշխատելու ընթացքում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:



