Դավթաշեն գյուղում բռնկված հրդեհից քաղաքացի է տուժել
SOCIETY
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 30-ին, ժամը 17:04-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Դավթաշեն գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. ներսում քաղաքացի կա, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ հրշեջ ջոկատի երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ բնակիչ Ա. Ղ.-ն (1955 թ.) տանից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:
Ա. Ղ.-ն տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:17-ին, մարվել՝ 17:28-ին: Տան ննջասենյակում (12 քմ) ամբողջությամբ այրվել են մահճակալը, պատուհանը, դուռը, պահարանը՝ մասամբ:
Երկու ականատես քաղաքացիներին հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:



