Փանիկում բացվեց ազատամարտիկների պուրակ
SOCIETYՇիրակի մարզի Փանիկ համայնքի Մեծ Հայրենականի հուշահամալիրի տարածքում մայիսի 28-ին բացվեց արցախյան հերոսամարտին զոհված փանիկցիների հիշատակին նվիրված պուրակ: Նախաձեռնությունը համայնքի ղեկավարինն էր՝ Վարդան Մաքեյանինը, ով ևս համագյուղացիների հետ, որպես կամավորական, մասնակցել է ինքնապաշտպանական մարտերին:
90 ականներին միավորվելով մեկ գաղափարի շուրջ՝ փանիկցիներն մեկնեցին Արցախ հիմնականում «Փանիկ-Զվարջաձոր» (Զվարջաձորը Փանիկի նախկին անվանումն է) խմբով: «Առաջին մասնակիցները՝ 21 փանիկցի, մասնակցեցին Բերդաձորի պաշտպանությանը: Այդ ժամանակ կռվում էին որսորդական հրացաններով: Մեր գյուղից, ավաղ, 4-ը զոհվեցին: Գյուղում ունենք զոհերի պանթեոն, բայց որոշեցինք, որ այստեղ՝ հենց գյուղի կենտրոնում, ևս բացել պուրակ, որպեսզի ամենօրյա հիշողություն լինի մեր սերունդների համար»,-նշեց համայնքի ղեկավարը՝ փաստելով Փանիկը շատ զոհեր է ունեցել նաև Մեծ Հայրենականի ժամանակ: «Մոտ 400 փանիկցի է մեկնել ռազմաճակատ Մեծ Հայրենականին՝ 150-ը զոհվել են. նրանց անուններ մեկ առ մեկ դաջված է հուշակոթողին: Նրանց՝ մեր հայրերի ու պապերի քաջությունն ու հայրենասիրությունն էլ մեր համար հայրենասիրության դաս է եղել»,-նշեց Վարդան Մաքեյանը:
Արմենուհի Մխոյան



