Մի շարք նախարարությունների մամուլի խոսնակներ հայտարարել են աշխատանքից ազատվելու մտադրության մասին
SOCIETYՆոր կառավարության ձևավորմամբ պայմանավորված մի շարք գերատեսչությունների մամուլի քարտուղարներ հայտարարել են, որ այլևս չեն շարունակելու աշխատանքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում աշխատանքը չշարունակելու մասին է հայտնել գյուղատնտեսության նախարարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը, ով նախարարի մամուլի խոսնակի պարտականությունները կատարել է նախարարներ Սերգո Կարապետյանի և Իգնատի Առաքելյանի պաշտոնավարման ընթացքում: Աշխատանքից ազատվելու մասին է հայտարարել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Անուշ Դանիելյանը, ով նախարարի մամուլի խոսնակի պարտականությունները կատարել է վերջին 4 տարիների ընթացքում: «Իմ շատ սիրելի գործընկերներ, շնորհակալ եմ վերջին չորս տարիների համագործակցության համար: Ես այն գնահատում եմ շատ արդյունավետ։ Հույս ունեմ, որ այս գնահատականը փոխադարձ է»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Դանիելյանը:
Աշխատանքը չի շարունակի նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը, ով իր պարտականությունները ստանձնել է 1.5 տարի առաջ, երբ նախարարի պաշտոնը ստանձնեց արդեն նախկին Սուրեն Կարայանը: Ավելի վաղ աշխատանքը չշարունակելու մասին էր հայտարարել նաև վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը: Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակի պաշտոնը մինչ այս պահը թափուր է:



