Քննիչի կինը նվիրատվություն է ստացել
SOCIETYՊԵԿ աշխատակազմի քննչական վարչության թիվ 2 բաժնի հատկապես կարևորագույն գործերի քննիչ Վահան Չարխիֆալակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ տարեկան հայտարարագիրը:
Նրա դրամական միջոցները նախորդ տարվա վերջին այսպիսի պատկեր են ունեցել՝ 17 միլիոն 200 հազար դրամ, 7800 ԱՄՆ դոլար ու 13 հազար 100 եվրո: Տարեկան եկամուտները կազմել են 20 միլիոն 189 հազար դրամ, որից 15 միլիոնը ստացված փոխառություններ են՝ վարկեր, 5 միլիոն 117 հազար դրամը աշխատավարձ, իսկ 72 հազար դրամը պարզապես նշված է որպես այլ եկամուտներ:
Կինը՝ Սեդա Հակոբյանը, նույնպես տարեկան հայտարարագիր է ներկայացրել, ըստ որի՝ նրա բանկային հաշիվներին 2017 թ. վերջին առկա է եղել 15 միլիոն 100 հազար դրամ, 4800 ԱՄՆ դոլար ու 8 հազար եվրո: Պաշտոնյայի կնոջ տարեկան եկամուտների հիմնական մասն էլ ստացվել է նվիրատվության արդյունքում: Այսպես, նրան նախորդ տարի նվիրել են 2 միլիոն 500 հազար դրամ, աշխատավարձը կազմել է 184 հազար դրամ, բացի այդ էլ՝ ունեցել է 499 հազար դրամի այլ եկամուտ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am



