Ոգևորությունից խայտառակություն կես քայլ է. Ծառուկյան խմբակցության պատգամավորը՝ Էդմոն Մարուքյանին
SOCIETYԵրեկ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով երկրում տեղի ունեցող զարգացումներին, կասկածի տակ դրեց «Ծառուկյան» դաշինք պատգամավորական խմբակցության ընդդիմադիր լինելու հանգամանքը:
Մեզ հետ զրույցում, թեմայի շուրջ կարծիք հայտնեց ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը.
«Թիվ 1 ընդդիմադիրը երևալու մարմաջը հիմա էլ վարակել է Էդմոն Մարուքյանին ... Հավանաբար՝ սեփական խմբակցությունից մեկուսացվելու հանգամանքն իրականությունը ճիշտ ընկալելու և վերարտադրելու հարցում լուրջ խնդիրներ է առաջացրել նրա մոտ: Ումից, բայց Մարուքյանից չէի սպասի, որ նա էլ է համալրելու իր նկատմամբ ժողովրդի նվազող ուշադրությունը «Ծառուկյան» դաշինքի հասցեին առարկայազուրկ քննադատություններ հնչեցնելու միջոցով վերականգնող քաղաքական սպասարկուների շարքերը: Պարզապես զարմանալի է, որ «Ծառուկյան» դաշինքին խորհուրդ տալու «առաքելությունն» իր վրա է վերցրել մի գործիչ, ով սեփական խմբակցության և հանրության մեջ իր քաղաքական լարախաղացության հետևանքով արդեն լուրջ խնդիրներ ունի: Հասկանալի է՝ քաղաքական խորդուբորդեր ապրած գործիչը լավ յուրացրել է աջ ձեռքով ընդդիմություն խաղալու, իսկ ձախով իշխանության «ձեռքը համբուրելու» գործը: Այդուհանդերձ, իմ գործընկերոջը խորհուրդ եմ տալիս հիշել, որ ոգևորությունից խայտառակություն կես քայլ է, և չտրվել հոգեբանական սուբլիմացիային, երբ սեփական բարդույթները հաղթահարելու համար ապիկարը փորձում է իր պրոբլեմները բարդել այլոց վրա: Կարծում եմ՝ որպես արևմտյան արժեհամակարգի՝ գոնե դե յուրե կրող, Մարուքյանը հասկացավ, թե որքան անխոհեմ է «Ծառուկյան» դաշինքի անունը հնչեցնելով՝ իր մասին դրական կարծիքներ կորզելու փորձը: Հուսամ՝ նա չի շարունակի իր անպտուղ մարտավարությունը և կլծվի սեփական խմբակցության ճաքերը սվաղելու գործին ու այլևս հանգիստ կթողնի «Ծառուկյան» դաշինքին... »,- ասաց պատգամավորը:



