Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցություններն՝ իրար դեմ
SOCIETY
Երևանի քաղաքապետարանի ավագանու վերջին նիստի օրակարգի 10 հարցերից երկուսը «Երկիր ծիրանի» խմբակցության առաջարկներն էին: Մեկը Վազգեն Սարգսյանի անվան փողոցն ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անունով անվանակոչելուն էր վերաբերում, իսկ երկրորդը՝ ի հիշատակ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված քաղաքացիների՝ Շահումյան հրապարակում արձան տեղադրելուն:
Ի սկզբանե պարզ էր, որ երկու առաջարկներն էլ չեն ընդունվելու, քանի որ դրանք մերժելու բավականին պատճառներ կան, սակայն այդպես էլ հասկանալի չդարձավ, թե ինչու նիստը լքեցին ավագանու «Ելք» դաշինքի անդամները: Նրանք ավելի վաղ հայտարարել էին, որ համաձայն չեն նման առաջարկի, բայց ինչու չցանկացան իրենց տեսակետն ամրագրել, պարզ չէ: Ու թեև Ալեն Սիմոնյանը ինչ-որ կերպ փորձեց իրենց այդ քայլն արդարացնել, սակայն այդ «արդարացումն» ավելի շատ հարցեր առաջացրեց, որոնք մինչ այս պահը դեռևս մնում են անպատասխան:
Եվ ինչպես սպասվում էր, երկու առաջարկներն էլ մերժվեցին, բայց «Ելք»-ի քայլը դարձավ մեկ այլ թեմայով սկսված «փոխհրաձգության» պատճառ, որն, ամենայն հավանականությամբ, դեռ երկար կշարունակվի:
Այս պահին արձանագրենք, որ ավագանու երկու ընդդիմադիր թևերն իրենց հիմնական առաքելությունը թողած՝ հին հաշիվներ պարզելով և իրար վրա ցեխ շպրտելով են զբաղված, ինչը ոչ միայն չի բխում ընտրողների շահերից, այլև՝ ուղղակիորեն հարվածում է Երևանի իրական հոգսերը լուծելուն կարոտ երևանցիների շահերին:
Արմինե Գրիգորյան




















































