Հայաստանը կարող է մեծացնել իր դերը ԵԱՏՄ-ում. Մատվիենկո
POLITICSՌԴ Դաշնային ժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն լիահույս է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի ղեկավարությունը ստանձնելով` Հայաստանն ավելի կամրապնդի իր դիրքերը ինտեգրացիոն գործընթացում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ռուս պաշտոնյան խոսեց ՀՀ Ազգային ժողովում` լրագրողների հետ հանդիպման ժամանակ :
Նա նշեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև առկա է առևտրատնտեսական համագործակցության ակնառու աճ, որը նպաստում է նաև նորարության զարգացմանը, որը ժամանակի ընթացքում կտա իր պտուղները: «Բացի այդ հաջորդ տարվանից ԵԱՏՄ-ի Կոլեգիան կղեկավարի Հայաստանը, որն առաջարկել է Տիգրան Սարգսյանի թեկնածությունը, շատ փորձառու մասնագետի: Ես կարծում եմ, որ դա ինտեգրացիոն գործընթացում Հայաստանի դերի բարձրացման նոր լծակ կլինի»,-նշեց Մատվիենկոն:
Անդրադառնալով հայ-ռուսական բազմակողմ կապերին` Մատվիենկոն նկատեց, որ, ի տարբերություն ԱՊՀ երկրների իրենց մյուս գործընկերների, Հայաստանի հետ անընդհատ երկխոսություն է ընթանում: Ռուս պաշտոնյան բարձր գնահատեց նաև հայ-ռուսական բարեկամական խմբի գործունությունը` այն որակելով բավականին արդյունավետ:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն էլ նշեց, որ տարին մի քանի անգամ տարբեր առիթներով հանդիպում են հայ և ռուս խորհրդարանականները, իսկ առաջիկայում Հայաստանում տեղի կունենա հայ-ռուսական բարեկամական հանձնաժողովի 27-րդ նիստը: «Մեր քննարկումների առանցքն այն է, որ պետք է համատեղենք մեր գործունեությունը ոչ միայն միջխորհրդանական, այլև միջազգային հարթությունում»,-ասաց ԱԺ նախագահը:



