«ՍՕՍ մանկական գյուղը» պարզապես մանկատուն չէ. Աշոտ Քոչարյանն ամփոփում է գործունեության 25 ամյակը
SOCIETY
Այսօր լրագրողների հետ է հանդիպել «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը: Այս մասին հայտնում է Past.am-ը: Ըստ պարոն Քոչարյանի՝ տարեցտարի ավելանում են սոցիալապես որբացած երեխաները, որոնց ծնողները կենդանի են, բայց տարբեր պատճառներով երեխաների խնամքով չեն զբաղվում: Հիմնադրամը հոգում է երեխաների բնակության, բարձրագույն կրթության հետ կապված ֆինանսական խնդիրները, ինչպես նաև օգնում է երիտասարդներին աշխատանք գտնել:
«25 տարի է՝ Հայաստանում գործում են ՍՕՍ գյուղերը: Դրանց առաջին բնակիչները Սպիտակի երկրաշարժից տուժած երեխաներն էին, ովքեր մնացել էին առանց ծնողական խնամքի: «ՍՕՍ մանկական գյուղն» ավելի ընդգրկուն հասկացություն է և որպես այդպիսին՝ այն տարբերվում է ավանդական «մանկատուն» հասկացությունից: Ինչպես սաների, այնպես էլ աշխատակիցների կողմից այն ընկալվում է ոչ թե մանկատուն, այլ ընտանիք կամ էլ պարզապես «ՍՕՍ մանկական գյուղ»,- նշեց բանախոսը: Քոչարյանն ընդգծեց այն հանգամանքը, որ նյութական որևէ աջակցություն պետության կողմից դեռևս չեն ստանում, կա միայն բարոյական աշխատանք:
Լևոն Փանոսյան




















































