Արմեն Սարգսյանն անդրադարձավ Ամուլսարի ծրագրին
SOCIETYԱզգային ժողովում Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հարց ուղղեց Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին Ամուլսարի ծրագրի վերաբերյալ: Նա, մասնավորապես, նշեց, որ նախորդ տարի Լոնդոնում մի խումբ պատգամավորների հետ առիթ է եղել հանդիպելու, եւ հանդիպման ժամանակ, ըստ Լենա Նազարյանի, Արմեն Սարգսյանն իբր ասել է, թե դուրս է եկել տնօրենների խորհրդի կազմից, քանի որ վտանգավոր է համարել այն ձեւը, որով ընկերությունն իրականացնում է հանքարդյունահանում: Պատգամավորը հարցրեց՝ արդյոք նման բարձր պաշտոն զբաղեցնելուց հետո Արմեն Սարգսյանը պատրաստվում է բարձրաձայնել Ամուլսարի ծրագրի վտանգավորության հարցի մասին:
«Կարծեմ՝ այդտեղ փոքր չհասկացվածություն ունեք, թե ինչ եմ ես ասել, քանի որ երկար տարիների դիվանագետ լինելով՝ գործընկերների ներկայությամբ իմ պատասխանը մի քիչ ավելի դիվանագիտական էր: Ես չէի կարող այդպես հստակ ասել, քանի որ նույնիսկ լինելով խորհրդատվական մարմնի անդամ՝ դու ունես պարզ, պրոֆեսիոնալ պարտականություն. այն ինչի մասին խոսվում է խորհրդի ներսում, պահել, նույնիսկ եթե դա գործադիր խորհուրդ չէ: Ես ձեզ հաղորդել եմ իմ վերաբերմունքը, ասել եմ, որ դիմում եմ ներկայացրել խորհրդի նախագահին, որտեղ նշել եմ այդ ծրագրի նկատմամբ իմ վերաբերմունքը, իսկ դրական է դա, թե բացասական է, ես դա Ձեզ չեմ ասելու, այսօր էլ չեմ ասի, որովհետեւ դա հինգ տարի առաջվա իմ վերաբերմունքն է, իսկ այսօր այդ ընկերությունը տարբեր է»,- Past.am-ի փոխանցմամբ ասաց Արմեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ երկրի ժառանգության մեծ մասը հենց բնապահպանությունն է, որի խնդիրներին նա շատ լավ ծանոթ է, եւ նախագահ ընտրվելու դեպքում իր ամբողջ էությամբ կաշխատի այդ ոլորտի ուղղությամբ:



