Կարեն Կարապետյանի անվտանգության աշխատակիցները վթարի են ենթարկվել
SOCIETYԻնչպես հայտնում է Past.am-ը, հղում անելով shamshyan.com-ին, այսօր՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 11։00-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում՝ ժողովրդին հայտնի «Բաբլոյանի խաչմերուկում», բախվել են 35-ամյա Արսեն Բաղդասարյանի վարած Hyundai մակնիշի 084 ԼԼ 50 համարանիշի և 59-ամյա Սուրեն Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի 35 MZ 254 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի մեղավորը եղել է Hyundai-ի վարորդը, ով մեծ արագությամբ մտել է նշված խաչմերուկ և բախվել Mercedes-ին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Hyundai-ը հաշվառված է ՀՀ կառավարության աշխատակազմի հաշվեկշռում և սպասարկում է վարչապետ Կարեն Կարապետյանին։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարից անմիջապես հետո մինչև Երևանի ճանապարհային ոստիկանների ժամանումը, Hyundai-ի վրայից համարանիշները հանել էին։ Փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Արամ Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մեջ վարորդները մեղադրում են միմյանց։



