Ավազակները սկսել են թիրախավորել զբոսաշրջիկներին
SOCIETY
Մինչ Հայաստանը փորձում է զբոսաշրջության ծավալների աճից ուրախանալ, պարզվում է, որ դրա հետ մեկտեղ ավելացել են զբոսաշրջիկների հանդեպ կատարվող հանցավոր գործողությունները: Հանցագործների երևակայությունն այնքան մեծ է, որ կարողանում են մտածել բռնաբարությունից մինչև զբոսաշրջիկների հանդեպ կեղծ խուզարկությունների պատրվակով գումար գողանալու փորձերի մասին: Եվ մինչ նման դեպքերը կդառնային իրավապահների ուշադրության առարկա, հայտնի չէ, թե մինչ այդ քանի զբոսաշրջիկի վրա է նման հարձակում եղել և որն ինչ ավարտ է ունեցել:
Ամենատխուրը սակայն այն է, որ այս ամենը խոսում է Հայաստանի մարզերում անվտանգության ցածր մակարդակ ունենալու մասին, ինչը, համաձայնեք, մտահոգիչ իրողություն է: Ստացվում է, որ ցանկացած վայրում, օրը ցերեկով կարելի է ցանկացած տեսակի ու որակի բռնության զոհ դառնալ ու եթե դրանից հետո, անգամ, ուժային կառույցները հայտնաբերեն ու մեկուսացնեն ավազակային հարձակումներ իրականացնողներին, միևնույն է նման դեպքերը միանշանակ կազդեն մեր երկրի իմիջի վրա, չնայած, որ Հայաստանը միջազգային կառույցների կողմից իրականացված զեկույցներում համարվել է ամենաանվտանգ երկրներից մեկը:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին մի չինուհու նկատմամբ բռնություն գործադրելով սեքսուալ բնույթի գործողություններ էին կատարվել, իսկ այս տարվա փետրվարին էլ արձանագրվել են օտարերկրյա զբոսաշրջիկներին կողոպտելու փորձեր:
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Past.am-ին տեղեկացրեց, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների անվտանգությունը մշտապես իրենց ուշադրության կենտրոնում է, իսկ պատմամշակութային վայրերի տարածը մշտապես գտնվում է ոստիկանների հսկողության ներքո:
«Ինչ վերաբերում է առանձին դեպքերին, ապա դրանք բոլոր երկրներում էլ տեղի են ունենում, սակայն ՀՀ ոստիկանությունն ամեն ինչ անում է նման արատավոր դեպքերը կանխարգելելու և զբոսաշրջիկների անվտանգությունը լիարժեք ապահովելու համար»,- ասաց Ա. Ահարոնյանը:
Արմինե Գրիգորյան




















































