Տեղումները կեսօրից հետո կդադարեն
SOCIETY
Այսօր առավոտյան տպավորություն էր, թե ձմեռը վերդառնում է կամ գոնե վերադարձել է։ Երևանի հատկապես բարձրադիր վարչական շրջաններում տանիքներն ու գետինը ծածկված էր ձյան բարակ շերտով։ Ժամեր անց, իհարկե, այդ բարակ շերտն աստիճանաբար հալվեց, իսկ ձյունն էլ օրվա ընթացքում փոխարինվեց անձրևով։
Ըստ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի կեսօրից հետո տեղումները կդադարեն և առաջիկա հինգ օրերի ընթացքում կլինի առանց տեղումների եղանակ։ Ինչպես Past.am-ին հայտնեց Սուրենյանը՝ նախորդ օրերի համեմատությամբ ջերմաստիճանը որոշակիորեն նվազել է,սակայն վաղվանից այն աստիճանաբար կբարձրանա։
«Կեսօրից հետո տեղումները հանրապետության տարածքում աստիճանաբար կդադարեն։ Փետրվարի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 20-ի ցերեկվանից սկսած մինչև 24-ը ներառյալ եղանակը հանրապետության ողջ տարածքում այսօրվա համեմատ աստիճանաբար կտաքանա 5-6 աստիճանով»,- տեղեկացրեց նա՝ հավելելով, որ փետրվարի 19-ի դրությամբ Տավուշում, Լոռիում, Գեղարքունիքում և Սյունիքում կրկին ձևավորվել է ձյան ծածկ, որի բարձրությունը կազմում է 10-24սմ։ Իսկ Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Մեղրիի և Բագրատաշենի հատվածում ձյան ծածկը բացակայում է։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից՝ նախորդ գիշեր տեղացած ձյան հետևանքով հանրապետության մի շարք ճանապարհահատվածներում ավտոմեքենաները կամ ձնաբքի մեջ են հայտնվել, կամ արգելափակվել ձյան մեջ։
Ընդհանուր առմամբ՝ ձյան հետևանքով կամ արգելափակվել, կամ իրար են բախվել 11 ավտոմեքենա։ Վիրավորներ կամ զոհեր չեն եղել։
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



